06/10/2020 18:59
ԵԱՀԿ ԽՎ նախագահը կոչ է անում Երւևանին ու Բաքվին վերսկսել բանակցությունները
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) նախագահ Գիորգի Ծերեթելին կրկին կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները՝ ելնելով խաղաղ բնակչության շահերից, և վերսկսել բանակցությունները Լեռնային Ղարաբաղում հակամարտության խաղաղ կարգավորման համար՝ ԵԱՀԿ սկզբունքներին և պարտավորություններին համապատասխան:
Այս մասին ասվում է ԵԱՀԿ ԽՎ-ի երեքշաբթի հրապարակված հաղորդագրության մեջ:
«Մենք խորապես մտահոգված ենք հակամարտության հետ կապված զոհերի աճի մասին հաղորդագրություններով, մասնավորապես՝ տեղական բնակչության վրա ազդեցությամբ, որը, չնայած խաղաղ բնակչությանը պաշտպանելու պարտավորությանը, շարունակում է տառապել շարունակվող ռազմական գործողություններից», - ասել է Ծերեթելին:
«Մենք լիովին պաշտպանում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի, ինչպես նաև համապատասխան երկրների նախագահների և արտգործնախարարությունների կոչը՝ անվերապահ հրադադարի մասին»:
ԵԱՀԿ ԽՎ նախագահը նաև մտահոգություն է հայտնել արգելված կասետային ռումբերի օգտագործման մասին հաղորդագրությունների կապակցությամբ՝ նշելով, որ ԵԱՀԿ ԽՎ-ն ընդունել է բանաձև 2008 թ. բոլոր մասնակից պետություններին կոչ անելով «արգելել կասետային զինամթերքի օգտագործումը, զարգացումը, արտադրությունը, ձեռքբերումը, պահեստավորումը, կամ տեղափոխումը:
Ծերեթելին կոչ է արել բոլոր կողմերին զերծ մնալ այդ զենքի օգտագործումից և ամբողջությամբ կատարել միջազգային իրավունքի պահանջները՝ պաշտպանելու խաղաղ բնակիչներին և քաղաքացիական ենթակառուցվածքները:
«Որպես երկխոսության հարթակ՝ ԵԱՀԿ ԽՎ-ն կողմերի խնդրանքով պատրաստ է խորհրդարանական բանակցություններ վարել», - ավելացրել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելլան:
«Խորհրդարանական երկխոսությունը կարող է կարևոր դեր ունենալ հաղորդակցության կապերի վերականգնման գործում, երբ Մինսկի խմբում վերսկսվի բանակցային գործընթացը՝ ուղղված հակամարտության խաղաղ կարգավորմանը»: