06/10/2020 19:57
ՌԴ-ի և Իրանի ԱԳ նախարարները մտահոգված են Ղարաբաղում Սիրիայից ու Լիբիայից գրոհայինների ներգրավմամբ
Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Ջավադ Զարիֆը մտահոգություն են հայտնել Սիրիայից և Լիբիայից Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը գրոհայինների ներգրավման կապակցությամբ, հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից:
Ըստ Ռուսաստանի արտաքին գերատեսչության՝ երեքշաբթի Լավրովն ու Զարիֆը հեռախոսազրույց են ունեցել:
«Մոսկվան և Թեհրանը լուրջ մտահոգություն են հայտնվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի աննախադեպ սրման կապակցությամբ: Ընդգծվել է Սիրիայից և Լիբիայից անօրինական զինված խմբավորումների ծայրահեղական գրոհայինների ներգրավման վտանգը», - նշվում է հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի ԱԳՆ-ից նշել են, որ զրույցի ընթացքում Լավրովը մատնանշել է Ռուսաստանի ինտենսիվ ջանքերը ինչպես ազգային կարողությունների, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «եռյակի» շրջանակներում՝ տարածաշրջանում խաղաղության շուտափույթ հաստատման համար:
«Նախարարները կրկին ընդգծել են այն կարևոր դերը, որը կարող են ունենալ Ադրբեջանի և Հայաստանի հարևան երկրները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել պահպանել հետագա շփումները», - նշել են ԱԳՆ-ում: