07/10/2020 13:29
Հայաստանում Ուկրաինայի դեսպանը հերքում է Ղարաբաղ ուղարկելու նպատակով Օդեսայում վարձկանների հավաքագրման մասին WarGonzo-ի տեղեկությունները
Հայաստանում Ուկրաինայի դեսպանատունը հերքել է WarGonzo նախագծի այն հաղորդագրությունը, որ ադրբեջանցիները Օդեսայում հավաքագրում են ուկրաինական արմատական ազգայնական «Ազով» և «Աջ Հատված» )«Правый Сектор») խմբավորումների մարտիկներին՝ ԼՂ հակամարտության գոտի ուղարկելու համար:
Aysor.am-ի խմբագրություն է դիմել ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուլեբան, որի տրամադրած հերքման տեքստը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«2020 թվականի հոկտեմբերի 7-ին ձեր կայքը հրապարակել է « WarGonzo. Ալիևը զինյալներ է հավաքագրում ուկրաինական արմատական ազգայնական «Ազով» և «Աջ Հատված» խմբավորումներից»: Ցանկանում ենք ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ այս տեղեկատվությունը տարածում է «WarGonzo» ռուսական «տեղեկատվական» ալիքը, որը մասնագիտանում է կեղծ լուրերի պատրաստման ու տարածման գործում: Այս տեղեկատվությունը կեղծ է և տարածվում է ռուսական «աղբյուրների» կողմից՝ իրենց գործատուների շահերից ելնելով:
Ինչպես հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վ. Զելենսկին, Ուկրաինան Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում երկխոսել և կարգավորել հակամարտությունը, իսկ Կիևը ռազմական օգնություն չի տրամադրի հակամարտության կողմերին»: