07/10/2020 16:07
Այսօրվա դրությամբ Ստեփանակերտի բոլոր ենթակառուցվածքները շարունակում են գործել իրենց հունով. Փոխքաղաքապետ
Ուսումանսիրվում են թշնամու կողմից Ստեփանակերտին պատճառված բոլոր ավերածություններն ու վնասները: Վնասված բազմաբնակարան շենքերի թիվը մոտ մեկ տասնյակ է, տուժել են «Ղարաբաղ տելեկոմի» վարչական շենքը և ենթակառուցվածքները, սակայն կապը դրանից չի տուժել, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ստեփանակերտի փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանն՝ ընդգծելով, որ մայրաքաղաքում խուճապ չկա:
«Այլ շինությունների մասին ոչինչ չեմ կարող ասել: Սակայն հարկ եմ համարում նշել, որ այսօրվա դրությամբ Արցախի մայրաքաղաքի բոլոր ենթակառուցվածքները շարունակում են գործել իրենց հունով», - նշեց նա՝ ավելացնելով, որ կան նաև վնասված ճանապարհներ:
Բանախոսը ազգաբնակչությանը պատճառված անհարմարությունների թվում առանձնացրեց Ստեփանակերտի գազամատակարարման դադարեցումը, որը որոշակի պահի կատարվել է անվտանգության նկատառումներից ելնելով:
«Ջրամատակարարումը չի խափանվել, մեր բոլոր խմնբերն աշխատում են, որպեսզի որևէ ծառայություն չդադարեցվի», - ասաց Սուրեն Թամրազյանը:
Անդրադառնալով ապաստարաններում պատսպարված քաղաքացիների բնակիչների խնդիրներին՝ բանախոսը հավաստիացրեց, որ նրանց բոլորի խնդիրները բավարարվում են:
«Ժողովրդին ապահովում ենք սնունդով, տաք հագուստներով և վերմակներով, ինչպես նաև հիգիենայի պարագաներով», - նշեց Թամրազյանը:
Ստեփանակերտի փոխքաղաքապետը, սակայն, չնշեց Ստեփանակերտում քաղաքացիական զոհերի թիվը: