07/10/2020 17:28
Ստեփանակերտում հրթիռակոծության ժամանակ վիրավորված փրկարարը մահացել է
ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը և նախարարության բոլոր աշխատակիցները խորապես սգում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ուժերի վարչության հրշեջ-փրկարարական մասի 3-րդ պահակախմբի վարորդ-փրկարար, ավագ ենթասպա Հովիկ Յուրիի Աղաջանյանի մահը:
«Հովիկ Աղաջանյանի կյանքի համար օրեր շարունակ պայքարեցին Ստեփանակերտի, ապա նաև Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկները: Ցավոք, նրա կյանքը չհաջողվեց փրկել:
Նա վիրավորվել էր հոկտեմբերի 2-ին, ժամը 13։45-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի հրթիռակոծության ժամանակ, երբ, մասնավորապես մասամբ վնասվել էր ԱԻ ՊԾ վարչական տարածքը:
Մեր խորին վշտակցությունը Հովիկի ընտանիքին, նրա հարազատներին ու գործընկերներին»,- ասված է ԱԻՆ-ի տարածած հայտարարության մեջ:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանով Հովիկ Յուրիի Աղաջանյանը հետմահու արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի:
Աղաջանյանը ծնվել էր 1994թ. դեկտեմբերի 20-ին, ԱՀ Ասկերանի շրջանի Խնածախ գյուղում: Նա ամուսնացած չէր: