07/10/2020 14:59
Նախատեսվում է հնարավորություն տալ բանկերին ներել անհուսալի ճանաչված և ժամկետանց վարկերի գծով հաշվեգրված տույժերն ու տուգանքները
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը՝ Բաբկեն Թունյանի նախագահությամբ, հոկտեմբերի 7-ին արտահերթ նիստ է գումարել: Հանձնաժողովը երկրորդ ընթերցումով քննարկել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվական ծառայությունից:
Նախագծի նպատակն է ստեղծել հնարավորություն, որպեսզի առևտրային բանկերը և վարկային կազմակերպությունները, առանց լրացուցիչ հարկային պարտավորություններ կրելու, ֆիզիկական անձանց կարողանան ներել մինչև 2020 թվականի օգոստոսի 31-ը անհուսալի ճանաչված վարկերի գծով հաշվարկված տույժերն ու տուգանքները:
Հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի ներկայացմամբ՝ Կառավարությունը մտադիր է խնդրին ավելի համապարփակ և ընդգրկուն լուծում տալ, ուստի և հանդես է եկել լրացուցիչ առաջարկություններով:
ՀՀ հարկային օրենսգրքի 124-րդ հոդվածում առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է հնարավորություն տալ ռեզիդենտ կազմակերպություն համարվող բանկերին և վարկային կազմակերպություններին՝ առանց հարկային հետևանքների ներել ոչ միայն անհուսալի ճանաչված, այլ նաև 91 և ավելի օր ժամկետանց վարկերի գծով հաշվեգրված տույժերն ու տուգանքները՝ պայմանով, որ ժամկետանց պետք է դարձած լինեն 2020 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ:
Առաջարկվել է վերոնշյալ կարգավորումները կիրառել ոչ միայն նախագիծն ուժի մեջ մտնելուց հետո ներված տույժերի և տուգանքների, այլ նաև սահմանված ժամկետից առաջ ներված տույժերի և տուգանքների նկատմամբ:
Հիմնական զեկուցողին ուղղված հարցերը վերաբերել են կարգավորումներից բխող հնարավոր ռիսկերին և ֆինանսական մոտավոր գնահատականին:
Ընդունելով ներկայացված առաջարկները՝ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին: