08/10/2020 13:31
Երաշխավորում՝ «Հայաստան» հիմնադրամին ուղղված ցանկացած նվիրատվություն նպատակին ծառայում է բազմապատիկ անգամ ավելի արդյունավետ. Արծրուն Հովհաննիսյան (Տեսանյութ)
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջով դիմել է ամբողջ աշխարհում բնակվող 10 մլն հայությանը։
«Մենք դիմակայում ենք չարին, ողջ աշխարհին սպառնացող չարին ու ահաբեկչությանը։ Մենք չունենք նավթի ու գազի պաշարներ, մենք ունենք հայրենիքի համար կյանքը չխնայող, սխրանքներ գործող երիտասարդներ։ Մենք չունենք ծով, բայց մենք մեր թիկունքն ամուր պահող հերոսական ժողովուրդ ունենք։ Եվ, ի վերջո, մենք ի տարբերություն թշնամու, չունենք 10 մլն բնակչություն մեր երկրում, բայց ունենք 10 մլն բնակչություն ամբողջ աշխարհում։
Մենք ունենք Սփյուռք։ Իմ այս կոչն ուղղված չէ պարզապես 10 մլն հային, այլ 10 մլն պայքար մղողի, 10 մլն ոչինչ չխնայողի ու 10 մլն հաղթողի։ Ուզում եմ ձեզնից յուրաքանչյուրն իրեն մեր չափ պայքարող զգա, ուզում եմ ձեզնից յուրաքանչյուրը մտնի իր խրամատը ու մղի իր պայքարը։
Ես ամեն օր հարյուրավոր, հազարավոր նամակներ եմ ստանում արտերկրի մեր հայրենակիցներից, հարցնում են, թե ինչպես կարող են օգնել, ինչ ուղարկել։ Այդ օգնությունները նպատակային ու կառավարելի դարձնելու մեկ տարբերակ կա, նվիրատվությունները պետք է անել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։
Անձամբ եմ երաշխավորում, որ հիմնադրամին ուղղված ցանկացած նվիրատվություն նպատակին ծառայում է բազմապատիկ անգամ ավելի արդյունավետ։ Այս պատերազմում հաղթանակի գրավականներից մեկը ամուր թիկունքն է։
Ես վստահ եմ, որ դուք այն ամեն րոպե, ամեն վայրկյան ավելի եք ամրացնելու։ Մենք միասին հաղթելու ենք այս պատերազմը», - hայտարարել է Արծրուն Հովհաննիսյանը։