09/10/2020 13:38
Հայաստանը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման սկզբունքին և պատրաստ է վերսկսել խաղաղության գործընթացը. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Ադրբեջանի զորքերը, որոնց աջակցում է Թուրքիան, ռազմական գործողություններ են իրականացնում՝ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաների բոլոր տեսակները, Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլանված կազմով նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Դրանք ուղղված են ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև՝ Հայաստանի Հանրապետության տարածքի դեմ: Մենք այդ գործողությունները գնահատում ենք որպես ադրբեջանա-թուրքական ագրեսիա հայ ժողովրդի դեմ: Մեր ժողովուրդը շատ լուրջ մարտահրավերի առջև է կանգնած: Մեր անվտանգությունը, ազատությունն ու անկախությունը վտանգված են», - ասաց նա։
ՀՀ վարչապետը շեշտեց՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը մարդասիրական աղետի եզրին է:
«Մեր ժողովրդի դեմ ռազմական գործողություններին մասնակցում է ոչ միայն ադրբեջանական բանակը, որն ուղղորդվում է թուրք ռազմական մասնագետների կողմից: Դրանում ներգրավված են նաև Թուրքիայի կողմից հավաքագրված վարձկաններ և զինյալներ Սիրիայից: Այս փաստը հաստատվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների պաշտոնական հայտարարություններով, ինչպես նաև միջազգային հեղինակավոր ԶԼՄ-ներում բազմաթիվ հրապարակումներով: Առանձնակի մտահոգություն են առաջացնում Թուրքիայի ակտիվ գործողությունները, որոնք սպառնում են ամբողջովին ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում», - ասաց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ Հայաստանը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման սկզբունքին և պատրաստ է վերսկսել խաղաղության գործընթացը` համաձայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների և արտգործնախարարների վերջին մի քանի օրվա հայտարարությունների:
«Ինչպես հասկանում եք, դա մեզ համար ճակատագրական թեմա է, և ես, անկասկած, կցանկանայի ձեզ հետ կիսել տեղեկատվություն այն դրամատիկ իրադարձությունների մասին, որոնք այժմ տեղի են ունենում մեր անհանգիստ տարածաշրջանում», - ասաց Նիկոլ Փաշինյանը։