09/10/2020 13:49
ԵԱՏՄ-ում մասնակցությունը մեր կառավարության կարևորագույն գերակայություններից է. Փաշինյան
Եվրասիական տնտեսական միությանը մասնակցությունը և մեր երկրների միջև ինտեգրման խորացման ուղղությամբ աշխատանքը մեր կառավարության կարևորագույն գերակայություններն են, Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլանված կազմով նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք հետայսու ևս կշարունակենք գործադրել բոլոր ջանքերը՝ հնարավորինս շուտ հասնելու Միության կողմից սահմանված նպատակներին՝ չնայած մեր երկրի առջև ծառացած բոլոր մարտահրավերներին», - ասաց վարչապետը։
Նա նշեց, որ բոլորի համար արդիական է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բնակչության սանիտարահամաճարակային բարեկեցության հարցը` կապված COVID-19 համավարակի տարածման հետ:
«Այս առումով կցանկանայի շեշտել Եվրասիական զարգացման բանկի Թվային նախաձեռնությունների ֆոնդի կողմից ներկայացված «Ճանապարհորդում եմ առանց COVID-19» փորձնական նախագծի կարևորությունը: Ծրագիրը, որը համատեղ մշակվել է Հայաստանի և Ռուսաստանի մասնակցությամբ, շատ կարևոր փուլ է մեր երկրների քաղաքացիների տեղաշարժի գործընթացի կազմակերպման արդյունավետ համակարգի ձևավորման համար` նվազագույնի հասցնելով կորոնավիրուսային վարակի պայմաններում պետական սահմանների հատման ռիսկը», - ասաց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ համավարակի պայմաններում Հայաստանը կարևորում է ուղևորափոխադրումների խնդրի վերաբերյալ ընդհանուր լուծում գտնելը:
«Մեր տարածքում մասամբ փակ սահմանները բացասաբար են ազդում ինչպես ինտեգրման գործընթացների, այնպես էլ մեր երկրների տնտեսությունների վրա: Այս համատեքստում մենք մեծապես կարևորում ենք էլեկտրոնային առևտրի զարգացումը, որը թվային տնտեսության առանցքային բաղադրիչն է: Էլեկտրոնային առևտրի լայն ներդնումը կարող է ընդլայնել ընկերությունների կարողություններն ու վաճառքի ծավալները, ինչպես նաև ապահովել առևտրաշրջանառության ամբողջական վերահսկողություն: Մեր կողմից այժմ միջոցներ են ձեռնարկվում էլեկտրոնային առևտրի ոլորտի միջազգային մասնակիցներին հայկական շուկա ներգրավելու ուղղությամբ: Իհարկե, այս գործընթացում պետք է նախ և առաջ հաշվի առնել էլեկտրոնային գործարքների նկատմամբ քաղաքացիների վստահության բարձրացման և էլեկտրոնային առևտրի համար որոշակի հիմքի ստեղծման կարևորությունը», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը հավելեց, որ Հայաստանը ուշադրություն է դարձնում «Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղությունների մասին» փաստաթղթի նախագծին:
«Համոզված ենք, որ ռազմավարական ուղղությունները կնպաստեն ինչպես ներդրումների, այնպես էլ ինովացիոն գրավչության ավելացմանը, ակտիվությանը և Միության մրցունակության և գիտա-արտադրական ներուժի բարձրացմանը», - ասաց վարչապետ Փաշինյանը։