09/10/2020 18:15
Հայաստանի` Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման պարագան միջազգային առումով շատ բան չի փոխի, այլ երկրների ճանաչումն է, որ կփոխի իրավիճակը. ՀՀ վարչապետ
Հայաստանը քննարկում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հնարավորությունը, իտալական «La Republica» թերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք քննարկում ենք այդ հնարավորությունը, բայց Հայաստանի ճանաչման պարագան միջազգային առումով շատ բան չի փոխի, որովհետև մենք դե ֆակտո ճանաչել ենք և հարաբերություններ ունենք: Միջազգային առումով և կոնֆլիկտի կարգավորման առումով այլ երկրների ճանաչումն է, որ կփոխի իրավիճակը: Սա է պատճառը, որ ես կարծում եմ՝ այս իրավիճակում, այս ահաբեկչական գրոհը կանգնեցնելու ամենա էֆեկտիվ դիվանագիտական միջոցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումն է, անկախության ճանաչումն է միջազգային հանրության կողմից», - ասել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ Լեռնային Ղարաբաղը միշտ ասել է, որ պատրաստ է փոխզիջման, սակայն Ադրբեջանը երբեք չի ցանկացել բանակցել:
«Վերջին անգամ 2014 թվականին է եղել, երբ Բաքուն հրաժարվեց ստորագրել խաղաղության հնարավոր պայմանագիրը, քանի որ դա կնշանակեր ճանաչել Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը: Բաքուն ցանկանում է նորից վերադառնալ 1991 թվականի անկախության պատերազմից առաջ եղած ստատուս քվոյին», - ասել է վարչապետ Փաշինյանը։