12/10/2020 16:07
«Ամեն օր նոր շարասյուն է մեկնում». սիրիացի զինյալները «The National»-ին պատմել են՝ ինչպես են Թուրքիայում հավաքագրվել ու մեկնել Ադրբեջան
Արաբական Միացյալ Էմիրությունների «The National» պարբերականը հայտնել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի զինված ուժերի կազմում կռվող սիրիացի զինյալների մասին և մեջբերել նրանց հետ զրույցից հատվածներ, հաղորդում է «Infoteka24»-ը:
Հոդվածը վերնագրված է. «ԼեռնայինՂարաբաղում Թուրքիայի սիրիացի վարձկանները հարցնում են. Ինչո՞ւ ենք մենք այստեղ»:
Ըստ պարբերականի՝ գրոհայինները եկել էին կռվելու փողի համար, բայց մարտերի սրությունը նրանց ստիպում է մտածել միայն Սիրիայում գտնվող իրենց ընտանիքի մասին:
«National»-ը գրում է, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների բռնկումից անմիջապես հետո Թուրքիան հազարավոր սիրիացիներ է ուղարկել Ադրբեջանի կողմից կռվելու:
Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի տվյալներով՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում Լեռնային Ղարաբաղում սպանվել է առնվազն 107 սիրիացի վարձկան, ավելի քան 30-ը վիրավորվել են:
Չնայած այս ամենին՝ Ադրբեջանը հերքել է վարձկանների օգտագործման մասին լուրերը: