12/10/2020 16:03
ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը չի քննարվել Ղարաբաղյան հակամարտության գոտի խաղաղապահներ բերելու հարցը. ՌԴ դեսպան
Ղարաբաղյան հակամարտության գոտի խաղաղապահներ բերելու հարցը չի քննարկվել, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և դեսպանների հանդիպումից հետո լրագրողներին ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Վարչապետի հետ հանդիպմանն այսօր դրա մասին խոսք չի եղել», - ասաց նա:
ՌԴ դեսպանը նշեց, որ Փաշինյանն իր գնահատականներն է ներկայացրել ընթացող իրադարձությունների վերաբերյալ, երախտագիտություն հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, Ռուսաստանի նախագահին՝ կրակը դադարեցնելու ուղղությամբ գործադրվող ջանքերի համար:
«Ռուսաստանն անում է ամեն ինչ, որ հրադադարի ռեժիմը գործի: Անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ռուս դիվանագետների կողմից ակտիվ ջանքեր են գործադրվում բախումները դադարեցնելու ուղղությամբ։ Մենք կապի մեջ ենք բոլոր կողմերի հետ», - ասաց Կոպիրկինը։
Դեսպանի խոսքով՝ Ռուսաստանի դիրքորոշումն այն է, որ անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները, վերադառնալ բանակցային սեղան ու առարկայական բանակցություններ վարել ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: