12/10/2020 16:16
Երկխոսություն սկսելու գործընթացը ձգձգել չի կարելի. Լավրովը՝ Մնացականյանի հետ հանդիպումից հետո
Քիչ առաջ ավարտվեց ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարների փակ հանդիպումը: Հանդիպմանը հաջորդած ասուլիսի ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը տեղեկացրեց, որ փակ դռների հետևում մտքեր են փոխանակել՝ ինչպես առաջ շարժվել:
Լավրովը նկատեց՝ դա չի նշանակում, որ բոլոր հարցերը կլուծվեն արագ և միաժամանակ, բայց մյուս կողմից էլ ավելացրեց, որ հակամարտության կողմերի՝ երկխոսություն սկսելու գործընթացը ձգձգել չի կարելի։
Սերգեյ Լավրովը, հիշեցնելով Մոսկվայում երկու օր առաջ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածության մասին, ավելացրեց.
«Մենք հույս ունենք, որ երկու կողմերը կպահպանեն հրադադարի ռեժիմը»:
«Հայաստանն Արցախի անվտանգության միակ երաշխավորն է», - ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ ընդգծելով, որ Ադրբեջանը զինվորականների ու խաղաղ բնակչության միջև տարբերություն չի դնում:
Նշենք, որ Արցախի հարցից զատ՝ կողմերը քննարկել են նաև Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր: