12/10/2020 17:50
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը զինված ընդհարմանը ներգրավել է միջազգային ահաբեկչական խմբավորումների. ՔԿ-ն մանրամասներ է ներկայացնում (Լուսանկարներ)
ՀՀ քննչական կոմիտեում շարունակվում է Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված և վարվող ագրեսիվ պատերազմի, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ կատարելու (1945 թվականի հունիսի 26-ին ստորագրված ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետի, 1974 թվականի դեկտեմբերի 14-ի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի XXIX նստաշրջանի թիվ 3314 բանաձևի «ա», «բ», «գ» կետերի, 1998 թվականի հունիսի 17-ին ընդունված Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի 8-bis հոդվածի, «Միջազգային զինված կոնֆլիկտների զոհերի պաշտպանության վերաբերյալ» Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի կոնվենցիաներին կից Ժնևի 1977 թվականի 1-ին Լրացուցիչ արձանագրության 48-րդ, 51-րդ (2), 52-րդ (2) հոդվածների, 51-րդ (4) հոդվածի 3-րդ կետի և 85-րդ հոդվածի 5-րդ կետի դրույթները, միջազգային սովորույթային մարդասիրական իրավունքի 1-ին, 7-րդ, 11-րդ, 12-րդ, 54-րդ նորմերի (այսինքն՝ պետությունների պրակտիկան սահմանում է պատասխանատվություն՝ անկախ այն հանգամանքից, թե տվյալ պետությունն արդյոք հանդիսանում է 1-ին Լրացուցիչ արձանագրության կամ ՄՔԴ ստատուտի մասնակից)), զինված ընդհարման ժամանակ հանցավոր հրաման արձակելու, վարձկանության դեպքերով հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի ծառայողները համագործակցում են Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողների հետ։
ՀՀ քննչական կոմիտեի և ԱՀ քննչական կոմիտեի ծառայողների համագործակցությամբ քրեական գործերով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 12-ը Ադրբեջանի զինված ուժերի կողմից ականանետային-հրթիռահրետանային միջոցների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ է դարձել Արցախի Հանրապետության ավելի քան 120 քաղաքացիական բնակավայրերի քաղաքացիական բնակչությունը։ Մասնավորապես՝ սպանվել է ընդհանուր 25 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 8 կին և 16 տղամարդ:
Սպանության դեպքերն արձանագրվել են Ստեփանակերտ (7 անձ), Մարտունի (6 անձ), Հադրութ (6 անձ) և Մարտակերտ (3 անձ) քաղաքներում, Մարտակերտի շրջանի Ալաշան բնակավայրում (1 անձ) և Մեծ Շեն համայնքին հարակից վայրում (1 անձ), Ասկերանի շրջանի Այգեստան համայնքում (1 անձ):
Մարմնական վնասվածքներ են ստացել ընդհանուր առմամբ 100-ից ավելի քաղաքացիական անձինք, որոնցից 80-ից ավելին ստացել են լուրջ վնասվածքներ։
Ադրբեջանի զինված ուժերի կողմից կոպտորեն խախտվել է 1954թ. մայիսի 14-ին Հաագայում ընդունված «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Կոնվենցիայի 25-րդ հոդվածի պահանջները՝ ինտենսիվ գրոհների թիրախ դարձնելով պատմամշակութային առանձնակի արժեք ներկայացնող եկեղեցիները, հուշարձանները, գերեզմանատները։ Գրոհների արդյունքում վնասվել են կարևորագույն քաղաքացիական ենթակառուցվածքներ, մասնավոր գույք, մասնավորապես՝ 5800 մասնավոր սեփականության անշարժ գույք (բնակելի տներ, խանութներ և այլն), ավելի քան 520 մեքենա, շուրջ 960 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:
Նախաքննությամբ պարզվել է, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակչության դեմ լայնորեն կիրառվել և շարունակում է կիրառվել ծանր ու լայն ազդեցության շառավղով հրթիռային ու ավիացիոն միջոցներ, որոնց մի մասը միջազգային մարդասիրական իրավունքի նորմերով արգելված կասետային բնույթի է:
Նախաքննությամբ տվյալներ են ստացվել, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, կոպտորեն խախտելով «Միջազգային ահաբեկչության վերացման մասին» 1994թ. դեկտեմբերի 9-ի ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեայի 49/60 հռչակագրի նորմերը, Արցախի Հանրապետության ներքին վիճակն ապակայունացնելու նպատակով պայթյունի, հրկիզման և այլ հանցավոր գործողությունների կազմակերպման և իրականացման միջոցով, որոնք ուղղված են մարդկանց ոչնչացնելուն կամ նրանց մարմնական վնասվածքներ պատճառելուն, շինություններ, կառույցներ, ճանապարհներ և հաղորդակցության միջոցներ, կապի միջոցներ կամ այլ գույք ոչնչացնելուն կամ վնասելուն, զինված ընդհարմանը ներգրավել է միջազգային ահաբեկչական խմբավորումների։ Ստացված փաստական տվյալները դարձվել ենքննության առարկա և կարժանանան պատշաճ իրավական գնահատականի։
Քրեական գործի շրջանակներում իրականացվում են մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ, որոնց արդյունքների մասին պարբերաբար կտրամադրվի տեղեկատվություն։