12/10/2020 13:50
Մինսկի խմբի ձևաչափը կամ պետք է փոխվի, կամ վերաիմաստավորվի. ԲՀԿ պատգամավոր
Այս փուլում Արցախի անկախության ճանաչումը դիտարկում ենք որպես Արցախի ժողովրդի էթնիկ զտումը բացառող գործոն, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Սա անվտանգության երաշխիք պետք է լինի: Մենք պատերազմ ենք վարում թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ, և այս փուլում, երբ Թուրքիան 105 տարի հետո ցեղասպանության ալիք է բարձրացնում, խաղաղ կարգավորման մասին խոսք լինել չի կարող: ՄԽ ձևաչափը կամ պետք է փոխվի, կամ վերաիմաստավորվի», - ասաց պատգամավորը:
Միքայել Մելքումյանը միաժամանակ կարծիք հայտնեց՝ առաջիկա երեք-չորս օրվա ընթացքում ՌԴ միջնորդությամբ շատ հարցեր կպարզաբանվեն:
«Ճիշտ կլինի, որ առաջինը Արցախի անկախությունը ճանաչի որևէ երկիր և հետո միայն՝ Հայաստանը: Պետք է համակողմանի հասկանալ իրավիճակը և ճանաչման համար ճիշտ պահ ընտրել», - ասաց նա՝ ակնարկելով, որ երեկ ԱԺ-ում վարչապետի հետ կայացած հանդիպմանը քննարկվել է նաև Արցախի անկախության ճանաչման հարցը: