12/10/2020 18:52
Վահե Էնֆիաջյանը բելառուսական կողմի ուշադրությանը հրավիրել է Ադրբեջանին բելառուսական զենքի մատակարարման մասին շրջանառվող տեղեկատվությանը
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Վահե Էնֆիաջյանը հոկտեմբերի 12-ին հանդիպել է ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Սերգեյ Տրոցյուկի հետ։
Կողմերն անդրադարձել են տարածաշրջանում ձևավորված բարդ աշխարհաքաղաքական իրավիճակին։ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահը ներկայացրել է ադրբեջանական շարունակվող ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։
Զրուցակիցները վերահաստատել են, որ խնդիրը չունի ռազմական լուծում և կարգավորման միակ ուղին խաղաղ բանակցություններն են՝ բացառելով ահաբեկչության տարածումը:
Վահե Էնֆիաջյանը բելառուսական կողմի ուշադրությանը հրավիրել է Ադրբեջանին բելառուսական զենքի մատակարարման մասին շրջանառվող տեղեկատվությանը։
ԱԺ փոխխոսնակը հույս է հայտնել, որ վերոնշյալ երևույթների և փաստերի վերաբերյալ Բելառուսի կողմից կարվեն թիրախավորված հայտարարություններ և քայլեր: