13/10/2020 11:20
Արցախում ևս կներդրվի աշխարահազորային համակարգ. տեղի է ունեցել արտահերթ նիստ
Հոկտեմբերի 13-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովն Արթուր Թովմասյանի նախագահությամբ գումարել է արտահերթ նստաշրջան:
Նախքան նստաշրջանի աշխատանքներին անցնելը՝ խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգել է սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում նահատակված զոհերի հիշատակը:
Խորհրդարանը քննարկել է «Պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ԱՀ նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ Արայիկ Լազարյանը:
Զեկուցողի փոխանցմամբ՝ օրենքի նախագծը բխում է կամավորության սկզբունքով աշխարհազորային համակարգի ներդրման և կազմակերպման անհրաժեշտությամբ:
Օրենքի նախագծի համաձայն սահմանվում են «աշխարհազոր» հասկացությունը, նպատակները, կառուցվածքը, ձևավորման կարգը, խաղաղ և պատերազմի ժամանակ աշխարհազորի պատրաստության և կիրառման, ենթակայության և ղեկավարման, աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունները:
Նախագծի վերաբերյալ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո խորհրդարանը միաձայն ընդունել է օրենքը: