13/10/2020 09:32
«Փաստ». Թեպետ հայտարարությունները լղոզված են, բայց հակաահաբեկչական գործողություններ անելու, պատժամիջոցներ կիրառելու հիմք կարող են դառնալ. Հակոբյան
«Փաստ» թերթը գրում է. «Տարբեր երկրներ պաշտոնապես զգուշացնում են իրենց քաղաքացիներին չայցելել Ադրբեջան` ահաբեկչական խմբավորումների կողմից առկա սպառնալիքի հետ կապված: Մասնավորաբար, նման հայտարարություններ արել են ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեսպանատները, այլ երկրներ ևս պաշտոնական մակարդակով անդրադարձել են Ադրբեջանում ահաբեկչական խմբավորումների խնդրին:
Անդրադառնալով նմանաբնույթ հայտարարություններին` քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը «Փաստի» հետ զրույցում նշեց. «Այստեղ պետք է հստակեցնել, թե, մասնավորապես, նշված երկու երկրներն ի՞նչ են հասկանում ահաբեկիչներ հասկացության տակ: Ինչ-որ տեղ կա հերթապահ հայտարարություն, որն ունի կիրառական նշանակություն: Այսինքն՝ գուցե ապագայի համար ինչ-որ հիմքեր են ստեղծում: Սովորաբար, սկզբից լինում են հայտարարություններ, օրինակ՝ տարածաշրջանում ահաբեկիչների առկայության մասին: Հետո, երբ այդ ահաբեկիչների դեմ ինչ-որ գործողություններ իրականացնելու առումով պատեհ առիթ է ստեղծվում, կամ իրավիճակն է այդպես թելադրում, այդ հայտարարությունները հիմք են հանդիսանում ինչ-որ գործողություններ սկսելու համար:
Այնուամենայնիվ, խմբավորումների հստակ անուններ չեն տրվում, ահաբեկչության վտանգի մասին լղոզված է խոսվում: Ի տարբերություն ՌԴ-ի, Ֆրանսիայի, վերոնշյալ երկրների պարագայում ամեն ինչ մի քիչ լղոզված էր: Բայց չեմ բացառում, որ հետագայում, զարգացումների այս կամ այն սցենարի պարագայում, դա կարող է հիմք հանդիսանալ հակաահաբեկչական գործողությունների համար, որոնց կմասնակցեն նաև ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան: Թեպետ հայտարարությունները լղոզված են, բայց ապագայում հակաահաբեկչական գործողություններ անելու, ինչ-ինչ պատժամիջոցներ կիրառելու հիմք կարող են դառնալ»։