13/10/2020 16:52
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել են քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի անթույլատրելիության մասին և կոչ արել շուտափույթ հրադադար հաստատել
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր հայտարարություն են տարածել՝ մտահոգություն հայտնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շարունակվող բռնությունների վերաբերյալ։
Համանախագահները կոչ են արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անհապաղ քայլեր ձեռնարկել իրենց պարտավորությունները լիովին կատարելու ուղղությամբ՝ տարածաշրջանում աղետալի հետևանքները կանխելու վերաբերյալ հոկտեմբերի 10-ի մոսկովյան պայմանավորվածություններին համապատասխան:
Համանախագահները կրկնում են, որ քաղաքացիական անձանց շրջանում զոհերն անթույլատրելի են ցանկացած պարագայում:
Նրանք կողմերին կոչ են անում անհապաղ հաստատել մարդասիրական հրադադար՝ թույլ տալով վերադարձնել զոհվածների, ռազմագերիների և պահվող անձանց մարմինները և շտապ համաձայնության գալ հրադադարի ռեժիմի վերահսկման մեխանիզմի շուրջ:
ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո, համանախագահները կողմերի հետ աշխատում են Լեռնային Ղարաբաղում քաղաքական կարգավորման գործընթացի կարևոր հարցերի շուրջ՝ նպատակ ունենալով հասնել լուծման բանակցությունների միջոցով: