13/10/2020 13:12
Պետք է արցախահայությանը ֆիզիկական ոնչնացումից փրկելու համար ճանաչել նրանց որպես միջազգային իրավունքի սուբյեկտ. Արման Եղոյան
Նույնիսկ կարճատև հրադադարից հետո Ադրբեջանի հասարակությունը տարբեր աղբյուրներից հնարավորություն է ունենալու տեղեկություն ստանալ իրենց կորուստների իրական թվի մասին, դա ներքաղաքական լրջագույն խնդիրներ է ստեղծելու Ադրբեջանի ղեկավարության համար, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Եղոյանը։
«Հարձակվող կողմն անգամներով ավելի կորուստներ է կրում ոչնչի դիմաց, երբեմն մեկ կամ երկու գյուղի կամ դիրքի դիմաց։ Դա այս պահի դրությամբ տոտալ պարտություն է։ Դրա համար իրենք փորձում են հնարավորինս բարելավվել իրենց դիրքերը, որպեսզի երբ բացահայտվի իրենց կորուստների քանակը, գոնե իրենց հասարակությանը ներկայացնելու բան ունենան», - ասաց Եղոյանը։
Նրա խոսքով՝ այժմ հակամարտության կոնտեքստը փոխվել է.
«Այլևս ոչ թե պետք է հավասարակշռել տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքները, այլ պետք է արցախահայությանը ֆիզիկական ոնչնացումից փրկելու համար ճանաչել նրանց որպես միջազգային իրավունքի սուբյեկտ»։