13/10/2020 09:24
«Իրատես». Բոլոր հնարավոր ձևերով պետք է վավերագրել պատերազմի իրական պատկերը
«Իրատես» թերթը գրում է. «Երբ պատերազմի առաջին օրից սկսած հայկական կողմն աշխարհին ասում է, թե մենք կռվում ենք Թուրքիայի, նրա զինուժի, ահաբեկիչների, վարձկանների դեմ, աշխարհը, այդ մասին տեղյակ լինելով, մեզնից պահանջում է փաստեր, Թուրքիայի ներգրավվածության ապացույցներ։ Այսինքն, այս օրերին մեր երկիրը ոչ միայն պիտի պատերազմի դաշտում իր դիրքերն անսասան պահի, այլև բոլոր փաստական տվյալները հավաքի ու միջազգային հանրությանը ներկայացնի, թե ինչ է իրականում կատարվում այս փոքր երկրի ժողովրդի դեմ։ Որքան էլ մենք հայտարարենք, թե կույր մի եղեք ու տեսեք` ինչ է կատարվում, միևնույն է, բոլորին պետք են փաստացի, արխիվացված կադրեր։ Այս հարցում մեր պաշտպանության գերատեսչությունը բավական հաջող է աշխատում։ Անշուշտ, լրատվամիջոցների դերակատարումն էլ այս ամենում պակաս կարևոր չէ։ Այս առումով հայկական կողմը, ի տարբերություն Ադրբեջանի, շահեկան վիճակում է, որովհետև Արցախում մեր գործընկերների հետ պատերազմի արհավիրքը ներկայացնում են նաև միջազգային լրատվամիջոցները, որոնք իրենց երկրներում կարծիք են ձևավորում այս գործողությունների վերաբերյալ, իսկ դա ևս հզոր զենք է։
Իհարկե, դեռ մեծ հարց է` այդ ծանրակշիռ ապացույցներն աշխարհի դատին ներկայացնելուց հետո նրանց աչքերը կբացվե՞ն, թե՞ ոչ, բայց ամեն դեպքում շատ էական է, որ մենք այսօր կարողանանք բոլոր հնարավոր ձևերով վավերագրել պատերազմի իրական պատկերը։ Այս փաստերը շատ են պետք նախ մեզ, մեր դիվանագիտության թիկունքն ավելի ամուր պահելու համար, հետո դրանք կռվաններ են, որոնք ցանկացած բանակցություններում որոշիչ դերակատարում են ունենալու։ Այս օրերին միջազգային տարբեր լրատվամիջոցներով կարմիր գծի պես անցնում է այն վարկածը, թե պետք է Արցախում ռազմական գործողություններում Թուրքիայի անմիջական ներկայության մասին փաստեր ներկայացվեն, նրանց զինուժի օգտագործման կադրեր։ Տեխնոլոգիական այս դարում, երբ հեշտությամբ է հաստատվում և հերքվում այս կամ այն զենքի կիրառումը, շատ էական է, որ մենք կարողանանք այս առումով էլ աշխատանքներ ծավալել։
Ուշագրավ է, որ ահաբեկիչների վերաբերյալ եղան արդեն հստակ հայտարարություններ, սակայն էլի կոնկրետ չի արձանագրվում, որ նրանց Թուրքիան է հավաքագրում և բերում սահման, այս առումով էլ փաստական տվյալների ներկայացումը թողել են հայկական կողմի վրա։ Ասել է՝ համ պիտի կռվել, համ էլ ապացուցել, որ ահաբեկչության դեմ է քո պայքարը։
Բոլորն են հասկանում, թե ինչ է կատարվում, սակայն հայկական լավ ասացվածք կա. «Ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան հարյուր անգամ լսել»։ Իսկ դրսում նույնիսկ հարյուր անգամ տեսնելուց հետո էլ դժվար է քաղաքականություն փոխել, բայց որ ճշգրտումներ, դիրքորոշումների հստակեցումներ կլինեն, միանշանակ է»։