13/10/2020 19:26
ԿԽՄԿ-ն պատրաստ է աջակցելու մարտական գործողություններում զոհվածների աճյունների արտահանձմանը և ազատազրկվածների ազատ արձակմանը. Մարտին Շյուպ
Այսօր ականատես ենք լինում ավելի քան երկու շաբաթ տևող դաժան բռնություններին, որոնք ծավալվում են Ղարաբաղյան հակամարտության սրացմանը զուգընթաց։ Մեր գնահատմամբ՝ ողջ տարածաշրջանում արդեն հարյուր հազարավոր տուժածներ կան։ Այս մասին ասված է ԼՂ հակամարտության վերաբերյալ ԿԽՄԿ Եվրասիայի տարածաշրջանային ղեկավար Մարտին Շյուպի հայտարարության տեքստում:
Հայտարարությունն ամբողջությամբ` ստորև.
«Քաղաքացիական անձինք մահանում են կամ կյանքը խեղող վիրավորումներ ստանում։ Տները, ձեռնարկությունները և երբեմնի բանուկ փողոցները փլատակների են վերածվում։ Չջեռուցվող նկուղներում օրեր անցկացնող կամ իրենց տները հանուն անվտանգության լքող մարդկանց թվում ծերեր և նորածիններ կան։
Բացի այդ, առողջապահական ողջ համակարգը՝ իր անձնակազմով և շտապօգնության ծառայությամբ հանդերձ, գերլարված է աշխատում այս օրերին՝ որոշ տեղերում նույնիսկ ենթարկվելով ուղիղ հարձակումների։ Շփման գծի երկու կողմերի համայնքներում խառնաշփոթ է, կորուստներ և վախ։
Լիահույս ենք, որ մարդասիրական հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը կպահպանվի և շոշափելիորեն կթեթևացնի այս մարդկանց կացությունը։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն մշտապես պատրաստ է աջակցելու մարտական գործողություններում զոհվածների աճյունների արտահանձմանը և ազատազրկվածների ազատ արձակմանը։ Կողմերը պետք է մինչ այդ փոխհամաձայնություն ձեռք բերեն նշված գործընթացների ձևաչափի շուրջ։
Ինչ վերաբերում է մեր արձագանքման գործողություններին, ապա ԿԽՄԿ-ն աշխատում է ողջ տարածաշրջանում՝ մեղմելու ներկայիս ռազմական իրավիճակում հայտնված քաղաքացիական անձանց տառապանքը։
Մասնավորապես, մենք դրամական աջակցություն և հիգիենայի պարագաներ ենք բաժանում հարյուրավոր ընտանիքների, ինչպես նաև անհետաձգելի բուժօգնության արկղիկներ՝ հիվանդանոցներին, և դատաբժշկական աջակցություն՝ իշխանություններին՝ կարիքների գնահատման նպատակով հնարավորության դեպքում իրականացնելով նաև դաշտային այցելություններ։
Մենք նաև սերտորեն համագործակցում ենք արձագանքման աշխատանքներում ներգրավված Հայկական Կարմիր խաչի և Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերությունների հետ։
Կանխատեսում ենք, որ առնվազն տասնյակ հազարավոր մարդիկ ողջ տարածաշրջանում աջակցության կարիք կունենան հաջորդ մի քանի ամիսներին։
Այս կապակցությամբ, մենք լրացուցիչ 9,2 մլն շվեյցարական ֆրանկի արտահերթ հայտ ենք ներկայացրել ու արդեն իսկ սկսել ենք մեծահոգի նվիրատվություններ ստանալ կառավարություններից, ինչի համար երախտապարտ ենք։
Թույլ տվեք խոսքս ամփոփել մի կնոջ պատմությամբ, ով մեզ պատմեց՝ ինչպես էր մանկության տարիներին, մարտերից փախչելով, պատսպարվում նկուղներում և գիշերներն անցկացնում անտառներում։ Գրեթե երեսուն տարի անց նա կրկին ստիպված է նույնն անել, այս անգամ՝ իր փոքրիկ աղջկա հետ, ով դեռ երկու տարեկան չկա, և իր տարեց ծնողների, ովքեր ժամանակին պաշտպանել են իրեն։
Այդպիսի մարդիկ ու պատմությունները շատ են, և հենց հանուն նրանց պետք է հնարավոր ամեն բան անենք՝ աջակցելու նրանց և նպաստելու նշանակալից մարդասիրական գործունեությանը»։