13/10/2020 15:20
Հայաստանը չի կարող անտարբեր լինել Արցախի հայրենակիցների նկատմամբ. Մնացականյանը՝ «BBC Newshour»-ին
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել «BBC Newshour»-ին: Լրագրողը հետաքրքրվել է, թե ինչո՞ւ կամ չեք միացնում տարածքը, կամ ճանաչում նրա անկախությունը, սրանք այն տարբերակներն են, որոնք բաց են ձեզ համար՝ ի պատասխան Մնացականյանն ասել է.
«Հենց այն նույն հիմքով, որ մենք պետք է պատասխանատու լինենք: Մենք չենք ցանկանում խաղաղ կարգավորմանը հնարավորություն չտալ»:
Լրագրողի դիտարկմանն էլ, որ եթե ՀՀ վարչապետն ասում է՝ Ղարաբաղը Հայաստան է, ապա միանգամայն պարզ է, որ Հայաստանը չի ցանկանում ճանաչել Արցախի անկախությունը, Մնացականյանը պատասխանել է. «Դա համատեքստից դուրս մի ներկայացրեք: Հայաստանի վարչապետը շատ հետևողական է եղել փոխզիջումային լուծման հարցում՝ պնդելով, որ այլ տարբերակ չկա, քան փոխզիջումային լուծման հասնելը, որն ընդունելի կլինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար:
Միայն փոխզիջումային լուծումն է հնարավոր: Երբ վարչապետի այս հայտարարությունը դիտարկվում է համատեքստից դուրս, ստացվում է այն, ինչ ստացվում է: Մինչդեռ վարչապետն ասում էր, որ Հայաստանը մեծ ջանքեր է գործադրում սեփական բարեփոխումների ու սեփական զարգացման գործում, և Հայաստանը չի կարող անտարբեր լինել Արցախի իր հայրենակիցների նկատմամբ: Եվ այս համատեքստում Հայաստանը աջակից կլինի Արցախի մեր հայրենակիցներին՝ որպես նրանց անվտանգության միակ երաշխավոր: Հակամարտության համատեքստում նա միանգամայն, ուղղակիորեն և հետևողականորեն խոսում էր փոխզիջման մասին»: