13/10/2020 14:38
Տիգրան Խաչատրյանն Արարատի մարզում հետևել է խաղողի մթերման գործընթացին. ձեռնարկվում են քայլեր առկա խնդիրների կարգավորման ուղղությամբ
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ու փոխնախարար Արման Խոջոյանն այցելել են Արարատի մարզի վերամշակող մի շարք գործարաններ՝ խաղողի մթերումների կազմակերպման և իրականացման գործընթացին հետևելու նպատակով։
«Արարատի գինու գործարան» ՍՊԸ-ի սեփականատեր Արմեն Սարգսյանի ուղեկցությամբ պաշտոնյաները շրջել են գործարանում, ծանոթացել մթերման ընթացքին, զրուցել համայնքների ղեկավարների հետ։
Արմեն Սարգսյանը տեղեկացրել է, որ արդեն 19 օր է, ինչ գործարանն աշխատում է ծանրաբեռնված ռեժիմով՝ առավոտից մինչև ուշ գիշեր։ Խաղողի մթերման ծավալը կազմում է օրական մոտ 600-850 տոննա, այս պահի դրությամբ գործարանն արդեն մթերել է շուրջ 12 800 տոննա։ Նրա կանխատեսմամբ՝ մթերումները կշարունակվեն ևս 15 օր և արդյուքում խաղողի մթերման ընդհանուր ծավալը գործարանում կկազմի մոտ 22-23 հազար տոննա։
Նրա խոսքով՝ համայնքապետերի հետ քննարկումների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել յուրաքանչյուր համայնքի համար օրական կտրվածքով սահմանել խաղողի մթերման ստույգ չափաբաժին (քվոտա)՝ ելնելով հավաքվող բերքի քանակից, ինչը թույլ կտա խուսափել մեքենաների կուտակումներից և առավել արդյունավետ կազմակերպել մթերումները։
Նշվել է, որ ներկայում գինեգործական բարձրորակ արտադրանք ապահովելու նպատակով գործարանը վերակառուցվում է և արդիականացվում, հաջորդ տարվանից նախատեսվում է ներդնել նոր սարքավորումներ՝ էլիտար գինեգործությունը ևս զարգացնելու նպատակով։
Արարատում էկոնոմիկայի նախարարն այցելել է նաև խաղողի վերամշակմամբ զբաղվող այլ գործարաններ, զրուցել ղեկավարների և խաղողագործների հետ։ Զրույցի ընթացքում բոլորն արձանագրել են, որ այս տարի խաղողի բերքն առնվազն 25-30% ավելացել է։ Այնուամենայնիվ, խաղողագործները բերքահավաքը վաղաժամ են իրականացնում և, հերթերը խախտելով, հավելյալ խոչընդոտներ ստեղծում խաղողի ընդունման ընթացքում։
Շրջայցի ընթացքում Տիգրան Խաչատրյանը տեղեկացել է, որ Արարատի մարզում մթերումների ընթացքում էական խոչընդոտներ չեն արձանագրվել, նկատվում են որոշակի տեխնիկական խնդիրներ, որոնց կարգավորման ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր։