14/10/2020 14:33
Այս պահին մեր զոհերի թիվը շատ մեծ է. ՀՀ վարչապետ (Տեսանյութ)
Այս պահին մեր զոհերի թիվը շատ մեծ է, ուղերձով դիմելով հայ ժողովրդին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես սգում եմ մեր քաջարի նահատակների համար, ովքեր իրենց կյանքով պաշտպանեցին հայրենիքը, սեփական ժողովրդի ապրելու իրավունքը, մեր ինքնությունն ու ապագան», - ասաց վարչապետը։
Նա ասաց՝ խոնարհվում է բոլոր զոհերի, նահատակների, նրանց ընտանիքների, ծնողների առջև։
«Նրանց կորուստը համարում եմ իմ կորուստը, իմ անձնական կորուստը, իմ ընտանիքի կորուստը»,-ասաց վարչապետը։
ՀՀ վարչապետն ընդգծեց՝ Արցախի պաշտպանության բանակը, ծանր մարտերով մարդուժի ու տեխնիկայի կորուստներ կրելով, վերահսկողության տակ է պահում ընդհանուր վիճակը՝ հակառակորդին պատճառելով մեծաթիվ կորուստներ։
«Բայց բոլորս պետք է իմանանք, որ ստեղծվել է բավականին ծանր իրադրություն, այս արձանագրումը չեմ անում հուսահատության կամ անելանելիության բերումով, այս տեղեկությունները փոխանցում եմ, որովհետև պարտավորություն ունեմ ճշմարտության լեզվով խոսելու ժողովրդի հետ, ի տարբերություն Ադրբեջանի, որ սեփական ժողովրդից թաքցնում է հազարավոր զոհերը ու, մեր հաշվարկներով, ավելի քան մեկ միլիարդ դոլարի զինտեխնիկայի կորուստը», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նշեց՝ թուրք-ադրբեջանաաահաբեկչական դաշինքը հենց այնպես չի դադարեցնելու իր հարձակումը Արցախի ու Հայաստանի նկատմամբ։