14/10/2020 20:43
Reuters. Թուրքիայի ռազմական մատակարարումներն Ադրբեջան նախորդ տարվա համեմատ աճել են 6 անգամ
Թուրքիայի ռազմական բեռների արտահանումն Ադրբեջան տարեսկզբից նախորդ տարվա համեմատ ավելացել է 6 անգամ՝ 20 միլիոն դոլարից հասնելով 123 միլիոնի: Այս մասին չորեքշաբթի հաղորդել է Reuters գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի արտահանողների ասոցիացիայի տվյալներին:
Գործակալության տվյալով՝ անօդաչու թռչող սարքերի և այլ ռազմական տեխնիկայի վաճառքը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների սկսվելուց անմիջապես առաջ անցած մեկ ամսում աճել է մինչև 77 միլիոն դոլար:
Մատակարարումների մեծ մասը բաժին է ընկել հուլիսին հաջորդած ժամանակահատվածին, երբ անցկացվել են Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի համատեղ զորավարժությունները: Անօդաչու թռչող սարքերի, հրթիռային կայանքների, զինամթերքի և այլ սարքավորումների վաճառքը կտրուկ աճել է հուլիսին 278,880 դոլարից՝ օգոստոսին հասնելով 36 միլիոն դոլարի, իսկ սեպտեմբերին՝ 77,1 միլիոն դոլարի: Սեպտեմբերին Ադրբեջանը բարձրացել է թուրքական զենքի ներկրողների ցուցակի առաջին հորիզոնկան՝ առաջ անցնելով Օմանից և ԱՄՆ-ից:
Արտահանողների թուրքական ասոցիացիան միավորում է 95 հազար ընկերություն: