14/10/2020 14:28
Թուրք-ադրբեջանաահաբեկչական նախնական պլանը՝ բլից-կրիգով գրավել Լեռնային Ղարաբաղը և հարակից տարածքները, ձախողվել է. ՀՀ վարչապետ
Ադրբեջանը ոչ մի վայրկյան հավատարիմ չմնաց հրադադարի պայմանավորվածությանը և մինչ այժմ էլ շարունակում է հարձակումները՝ միևնույն ժամանակ խոչընդոտելով հրադադարի պահպանման մոնիտորինգի մեխանիզմի ձևավորմանը, ուղերձով դիմելով ժողովրդին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սա նշանակում է, որ Ադրբեջանը շարունակում է հավատարիմ մնալ ի սկզբանե իր հայտարարած քաղաքական գծին և Լեռնային Ղարաբաղի ամբողջական օկուպացիայի խնդիր է դրել իր առաջ։ Այս պահի դրությամբ կարող ենք արձանագրել՝ թուրք- ադրբեջանաահաբեկչական նախնական պլանը՝ բլից-կրիգով գրավել Լեռնային Ղարաբաղը և հարակից տարածքները, ձախողվել է մեր բանակի հերոսական գեներալների, սպաների, ենթասպաների, սերժանտների, կամավորների, աշխարհազորայինների, մեր պետական կառավարման համակարգի, Արցախի և Հայաստանի Հանրապետության ղեկավարների, կառավարությունների, Ազգային ժողովների, ՏԻՄ և պետական մարմինների համատեղ աշխատանքի շնորհիվ և ջանքերով», - ասաց ՀՀ վարչապետը։