16/10/2020 16:18
Մինչև այժմ օտարերկրյա ոչ մի դիվանագիտական ներկայացուցիչ չի այցելել Ստեփանակերտ, Ղարաբաղի մյուս քաղաքներ՝ տեսնելու հսկայական ավերվածությունները. Նիկոլ Փաշինյան
Հիմա Լեռնային Ղարաբաղը հումանիտար աղետի շեմին և հումանիտար աղետի վիճակում է, շվեյցարական RTS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես Ձեզ միայն մի իրավիճակ ներկայացնեմ, որ այս վերջերս, երբ կանխարգելիչ և զսպող հարված էր հասցվել Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի կողմից ադրբեջանական Գյանջա քաղաքին, Ադրբեջանի իշխանությունները կազմակերպել էին օտարերկրացի դեսպանների այց այդ տարածաշրջան, որպեսզի ցույց տան՝ ինչ է տեղի ունենում: Բայց ես ուզում եմ ասել, որ մինչև այժմ ոչ մի օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչ չի այցելել Ստեփանակերտ, չի այցելել Ղարաբաղի մյուս քաղաքներ՝ տեսնելու համար այն հսկայական ավերվածությունները, որոնք շարունակական, երկշաբաթյա և ավելի՝ մինչև օրս 19-օրյա հրետակոծությունների և հրթիռակոծությունների հետևանքով պատճառվել են Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական ենթակառուցվածքներին: Ուղղակի մարդկանց բնակարանները և շենքերն ավերվում են: Ընդամենը մի քանի օտարերկրացի, սահմանափակ թվով օտարերկրացի լրագրողներ են, որ այդ ամենն արձանագրել են: Իսկ ոչ մի օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչ չի այցելել՝ տեղում տեսնելու, թե ինչ է կատարվում», - ասել է վարչապետը։
Հարցին՝ ի՞նչ ակնկալիք ունենք Շվեյցարիայից, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, որ վերջերս շվեյցարական Ժնև քաղաքի քաղաքային խորհուրդը մի բանաձև ընդունեց, որտեղ արձանագրեց, որ անջատում հանուն փրկության գաղափարը կարող է կիրառելի լինել Լեռնային Ղարաբաղում:
«Այսինքն, Լեռնային Ղարաբաղն այդ գաղափարով, դա հայտնի միջազգային տերմին է, որը կոչվում է անջատում հանուն փրկության, երբ որոշակի տարածաշրջաններ, ժողովուրդներ անկախություն են ստանում այն բանի հաշվառմամբ, որ նրանք որևէ այլ երկրի կամ նրանց նկատմամբ հավակնություններ ունեցող երկրի իշխանության ներքո չեն կարող գոյատևել: Եվ ես ակնկալում եմ Շվեյցարիայից և Շվեյցարիայի մարմիններից, որ նրանք առաջինը հստակ արձանագրեն, որ Թուրքիան Սիրիայում վարձել է վարձկաններ և ահաբեկիչներ, տեղափոխել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի, նաև սեփական զորքերից է տեղափոխել Ադրբեջան և Ադրբեջանը Թուրքիայի և ահաբեկիչների հետ համատեղ սկսել է ռազմական գործողություններ Լեռնային Ղարաբաղի դեմ: Այս ռազմական գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, հայությունը գոյութենական վտանգի առաջ է, այսինքն՝ հումանիտար ճգնաժամի շեմին: Սա մի իրավիճակ է, երբ միջազգային հանրությունը պետք է ընդունի Լեռնային Ղարաբաղի պարագայում անկախության ճանաչում հանուն փրկության սկզբունքը, որովհետև հակառակ պարագայում՝ Լեռնային Ղարաբաղի հայությունը կենթարկվի ցեղասպանության: Եվ սրա մեջ ոչ մի չափազանցություն չկա: Ադրբեջանի վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ նշանակում է, որ այնտեղ ոչ մի հայ չի բնակվելու, ի հեճուկս այն բանի, որ Լեռնային Ղարաբաղի ողջ պատմության ընթացքում, բնակչության 80 և ավելի տոկոսը եղել են հայեր և հիմա նրանք կանգնած են իրենց հայրենիքը, իրենց երկիրը, իրենց տունը, իրենց բնակավայրը կորցնելու վտանգի առաջ: Միջազգային հանրությունից իմ ակնկալիքը հստակ է՝ կիրառել անջատում հանուն փրկության սկզբունքը», - ասել է ՀՀ վարչապետը։