16/10/2020 20:48
Արցախում ստեղծվել է պարետատուն. Դրսում բոլորը պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ
ԱՀ նախագահի ստորագրած հրամանագրի համաձայն, Արցախի Հանրապետությունում ազատ տեղաշարժվելու իրավունքի որոշակի սահմանափակումներ են մտցվել, ինչպես նաև սահմանվել է ԱՀ քաղաքացիների հանրապետությունից դուրս գալու հատուկ ռեժիմ:
Ստեղծվել է պարետատուն, որի ղեկավարման համար պարետ է նշանակել ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը:
Ռազմական դրության ընթացքում փողոցներում ու այլ հասարակական վայրերում գտնվելու ժամանակ բոլորը պետք է իրենց հետ ունենան անձը հաստատող փաստաթուղթ (զինգրքույկ), ինչն, անհրաժեշտության դեպքում, պետք է ներկայացվի պարեկներին, ովքեր շուրջօրյա ծառայություն են իրականացնում ամբողջ հանրապետության տարածքում:
«Հորդորում ենք անվերապահ հետևել պարետատան ցուցումներին, և տեղաշարժվել միայն խիստ անհրաժեշտության դեպքում», - ասված է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տարածած հայտարարությունում։