16/10/2020 13:49
Ադրբեջանը ձգտում է ընդլայնել ղարաբաղյան հակամարտության աշխարհագրությունը՝ ագրեսիա իրականացնելով ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ. Մնացականյան
Շատ կարևոր է, որ մեր երկրները միջազգային օրակարգի բազմաթիվ հարցերի շուրջ ունեն համահունչ մոտեցումներ, Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Մեր հանդիպումը տեղի է ունենում մի իրավիճակում, երբ Արցախում մեր հայրենակիցները կանգնած են գոյութենական սպառնալիքի առջև․ Այս առումով ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել իմ հույն գործընկերոջը՝ այս կարևոր ժամանակաշրջանում Հայաստան այցելելու, իր համերաշխությունը հայ ժողովրդին հայտնելու գործում», - ասաց Մնացականյանը։
Նրա խոսքով՝ երկու երկրների տարածաշրջանները՝ Արևելյանը, Միջերկրականը և Հարավային Կովկասը, ներկայումս բախվում են նույն սպառնալիքին, որի հիմքում է Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությունը։
ԱԳ նախարարն ասաց, որ սեպտեմբերի 27-ից մինչ օրս Արցախի խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հրահրողը և դրա իրականացման գործում ուղիղ ներգրավվածություն ունեցողը հենց Թուրքիան է։
«Թուրքիան է՝ ոչ միայն իր ռազմական մասնակցությամբ, այլև վերջինիս ծառայության ներքո գտնվող օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավումով», - ասաց նա:
Մնացականյանն ընդգծեց նաև՝ չնայած հոկտեմբերի 10-ին ընդունված նախարարական հայտարարությանը՝ կրակի դադարեցման վերաբերյալ, Ադրբեջանը շարունակել է մարտական գործողությունները՝ հարված հասցնելով նաև Հայաստանի տարածքում գտնվող ռազմական օբյեկտին։
«Իսկ երեկ կրկին հրետակոծման է ենթարկվել Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը։ Այս ամենով Ադրբեջանը բացահայտորեն ի ցույց է դնում, որ ոչ միայն հրաժարվում է իրականացնել արտգործնախարարների համատեղ հայտարարությամբ հաստատվող կրակի դադարեցումը, այլ Թուրքիայի բացահայտ հրահրմամբ ձգտում է ընդլայնել, խորացնել ղարաբաղյան հակամարտության աշխարհագրությունը՝ արդեն նախահարձակ լինելով և բացահայտ ագրեսիա իրականացնելով ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ», - հայտարարեց Զոհրաբ Մնացականյանը։