16/10/2020 15:57
Թուրքիան Լիբիայից զինյալներ է ուղարկում Ադրբեջան
Թուրքիան Լիբիայից զինյալներ է ուղարկում Ադրբեջան: Ինչպես երեկ «Sky News Arabia» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Լիբիայի ազգային բանակի (ԼԱԲ) գերագույն գլխավոր հրամանատարի ներկայացուցիչ, գեներալ Ահմեդ ալ-Մեսմարին, Թուրքիան պատասխանատու է վարձականներին Ադրբեջան տեղափոխելու համար:
«Հազարավոր սիրիացիներ և այլ ահաբեկիչներ Թուրքիայի կողմից տեղափոխվել են Լիբիա ... Եվ հիմա Թուրքիան օգտագործում է «Մետիգայի» և «Միսուրատայի» օդանավակայանները՝ լիբիացի, սիրիացի և այլ ահաբեկիչների Ադրբեջան ուղարկելու համար», - ասել է գեներալն իր ելույթում:
Դեռևս սեպտեմբերի 28-ին, Լեռնային Ղարաբաղում ռազմական հակամարտության սրացումից անմիջապես հետո, թուրքամետ Սիրիայի ազգային բանակի (ՍԱԲ) գեներալ Զիյադ Հաջի Ուբեյդը խոսել է ՍԱԲ-ի հետ կապված գրոհայիններին որպես ռազմական օգնություն Ադրբեջան տեղափոխելու մասին:
Ինչպես այդ ժամանակ նշել է պաշտոնյան՝ նրա հրամանատարության տակ կան մոտ 70 հազար գրոհայիններ, որոնց Թուրքիան պատրաստ է «տնտեսապես աջակցել»:
«Մենք պատրաստ ենք ցանկացած վայրում պայքարել Թուրքիայի ազգային շահերի և անվտանգության շրջանակներում: Մենք պաշտպանում ենք մեր շահերը՝ մեր նպատակները կյանքի կոչելու համար», - ասել է նա: