16/10/2020 09:39
«Հրապարակ». Հայաստանն ու Ադրբեջանը պատրա՞ստ են խաղաղապահների տեղակայմանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմի դադարեցման ուղիներից մեկը, անշուշտ, խաղաղապահների տեղակայումն է Արցախում, ինչին այնքան դեմ են որոշ քաղաքական շրջանակներ ու գործիչներ։ Նրանք դա բացատրում են նրանով, որ դա կնվազեցնի մեր ինքնիշխանությունը և մեր ներքին գործերին խառնվելու հնարավորություն կստեղծի, էլ չենք խոսում՝ այդ ուժերը կարող են նաև երբեմն «կրակել»։
Բայց միջազգային խաղաղապահների և հատկապես ռուսական զինուժի տեղակայման հարցն այսօր ավելի ու ավելի շատ է քննարկվում՝ որպես զինադադարի երաշխիք այս պահին։ Երեկ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այս թեմայով խոսել է՝ ասելով. «Խաղաղապահ ուժերի տեղակայումը Ղարաբաղում հնարավոր է միայն Հայաստանի և Ադրբեջանի համաձայնության դեպքում»։
Նա, մասնավորապես, ասել է, որ առաջնահերթ հարցն այն է, թե արդյոք հակամարտող կողմերը, իսկ կոնկրետ դեպքում՝ Հայաստանն ու Ադրբեջանը, պատրա՞ստ են դրան։ Ցանկացած խաղաղապահի, դիտորդի տեղակայում հնարավոր է միայն կողմերի համաձայնությամբ՝ շեշտել է Պեսկովը՝ հավելելով, որ նման պատրաստակամության մասին կողմերը դեռ չեն հայտնել»։