16/10/2020 09:50
«Փաստ». ՀՀ-ում գործող միջազգային կառույցների ներկայացուցիչները ոչ մի լուրջ դիտարկում ու կարծիք չեն հնչեցնում
«Փաստ» թերթը գրում է. «Այսօր նախատեսվում է բողոքի ձայն բարձրացնել ՄԱԿ-ի Երևանյան գրասենյակի մոտ՝ պահանջելով Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչին լինել Ստեփանակերտում, Վարդենիսում, Հադրութում, Մարտակերտում, Շուշիում և իր աչքերով տեսնել, թե ինչպես է ավերված Ղազանչեցոց եկեղեցին, ինչպես են ադրբեջանցիները թիրախավորել խաղաղ բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքները։ Այսօր մեծապես կարևորվում է միջազգային կառույցներից պահանջել, ինչու ոչ՝ նաև ստիպել, որ արդարացի գնահատական հնչեցնեն ահաբեկիչների հարձակումից տուժած բնակավայրերի ու մարդկանց մասին։
Ընդհանրապես, այս օրերին հաճախ է խոսվում, որ Արցախում ընթացող պատերազմի և նրա հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի մասին ՀՀ-ում գործող միջազգային կառույցների ներկայացուցիչները (ՄԱԿ, ԵՄ և այլն) ոչ մի լուրջ դիտարկում ու կարծիք չեն հնչեցնում և չեն ներկայացնում իրենց վերաբերմունքը։ Ավելին՝ հարցի վերաբերյալ ոլորտային մասնագետների բարձրացրած աղմուկից հետո միայն նախօրեին ՀՀ-ում ՄԱԿ-ի ներկայացուցիչ Շոմբի Շարպը մի քանի «մտահոգիչ դեպքերի» մասին է բարձրաձայնել, որը գլխավորապես վերաբերում էր ՀՀ տարածքի հանդեպ ադրբեջանական ոտնձգություններին:
«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Արմեն Հովասափյանը «Փաստի» հետ զրույցում հատկանշական է համարում, որ ՄԱԿ ներկայացուցիչը ոչ մի խոսք չի ասել Արցախում տիրող անմարդկային ոճրագործությունների և հակամարդկային պատերազմի մասին, որի պատճառով տասնյակ մարդիկ այսօր փաստացի անտուն են մնացել, իսկ ադրբեջանաթուրքական հրոսակները հետևողականորեն թիրախավորում են Արցախի քաղաքների քաղաքացիական ենթակառուցվածքները, ընդհուպ եկեղեցիներ ու հիվանդանոցներ։
«Այնինչ, ինչպես տեսնում ենք, Ադրբեջանում ՄԱԿ գրասենյակն ակտիվ աշխատում է, այն էլ՝ «ծեղը գերան» սարքելու սկզբունքով։ Կարծում եմ՝ սպասվող ակցիաների նման ակցիաներ շարունակաբար պետք է անել՝ միջազգային կառույցներին «թմբիրից» հանելու նպատակով», - նշեց Ա. Հովասափյանը»։