17/10/2020 15:17
ՀՀ մեկ տասնյակից ավելի կուսակցություններ կառավարությունից պահանջում են հայրենիքի պաշտպանությունը կազմակերպելու համար ներգրավել ԱՀ և ՀՀ նախկին և գործող բարձրաստիճան պաշտոնյաներին
Այս օրերին ՀՀ կուսակցությունները ցուցաբերել են բացառիկ համերաշխություն և միասնականություն: Հենց սեպտեմբերի 27-ին շուրջ 14 քաղաքական ուժեր, մի կողմ դնելով տարաձայնությունները, հայտարարել են, որ կանգնում են հայկական երկու պետությունների կողքին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ հնչեցնելով Հայաստանում գործող մի շարք կուսակցությունների համատեղ հայտարարությունը:
«Ադրբեջանաթուրքական ագրեսիան, միջազգային ահաբեկաչական տարբեր խմբավորումների ներգրավմամբ, վերածվել է գլոբալ անվտանգությանն ուղղված վտանգի: Հայության համար հայրենականի վերածված պատերազմը նոր ծավալներ է ստանում: Պատերազմը սանձազերծած ագրեսորները՝ Ադրբեջանն ու Թուրքիան անհաղորդ են միջազգային հանրության՝ անհապաղ հրադադար հաստատելու և ռազմական ճանապարհով հիմնախնդրի լուծումը բացառելու պահանջներին: Ավելին, առաջին իսկ պահից Ադրբեջանը խախտել է Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ձեռք բերված հումանիտար հրադադարի հաստատման համաձայնությունը:
Օրհասական այս իրավիճակում ռազմական, քաղաքական և դիվանագիտական ճակատներում բեկում մտցնելը հրամայական է:
Դիմում ենք ՀՀ կառավարությանը և պահանջում՝
հրատապ կարգով ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ՝ պետական հատուկ մարմին՝ օժտելով այն օպերատիվ գործողություններ ծրագրելու և համակարգելու իրավասություններով,
հայրենիքի պաշտպանությունը կազմակերպելու համար ներգրավել Արցախի և Հայաստանի նախկին և գործող նախագահներին, վարչապետերին, ՊՆ և ԱԳ նախարարներին, փորձառություն ունեցող այլ անձանց», - ասաց Իշխան Սաղաթելյանը:
Նա միաժամանակ հավելեց, որ համատեղ հայտարարությունը ստորագրել են հետևյալ կուսակցությունները՝
«Ազատություն» կուսակցություն
«Ազգային օրակարգ» կուսակցություն
«Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցություն
«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցություն
«Երկիր Ծիրանի» կուսակցություն
«Ժառանգություն» կուսակցություն
«Համերաշխություն» կուսակցություն
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն
Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն
«Հայրենիք» կուսակցություն
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն
«Մեկ Հայաստան» կուսակցություն
Հայտարարությունը բաց է այլ կուսակցությունների համար ևս: