17/10/2020 09:50
«Հրապարակ». Արարատ Միրզոյանը որոշել է հետ չմնալ Նիկոլ Փաշինյանից
«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը որոշել է հետ չմնալ Նիկոլ Փաշինյանից։ Վարչապետը, դեռ պատերազմը չավարտված, պատերազմական հրամանատարներին պարգևատրելու գործով է զբաղված, խորհրդարանի խոսնակն էլ ԱԺ աշխատակիցներին է դասային աստիճաններ շնորհում այս օրերին։
Պատերազմական այս ժամանակներում նա երեք աշխատակցի Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան է շնորհել․ ԱԺ աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության մարդկային ռեսուրսների հավաքագրման, ուսուցումների և մրցույթների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ Հայարփի Միսակյանին, աշխատակազմի փորձագիտական և վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնի գլխավոր մասնագետ Զեմֆիրա Հովասափյանին, ինչպես նաև աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետ Մարիամ Քոչարյանին»։