17/10/2020 09:48
«Ժողովուրդ». Փաթեթներից ոչ մեկն իդեալական չի արտահայտու հայ ժողովրդի իղձերն ու երազանքները
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գրեթե ամենօրյա ռեժիմով սուտ և կեղծիք է տարածում ոչ միայն ռազմի դաշտում իրադրության, այլև բանակցային գործընթացի մասին՝ ցանկալին ներկայացնելով որպես իրականություն: Ի՞նչ ունենք այս ընթացքում. 1997թ.-ից առ այսօր միջնորդների կողմից հակամարտության կողմերին պաշտոնապես առաջարկվել և քննարկվել են մի քանի փաթեթներ՝ «Փաթեթային կարգավորում», «Փուլային կարգավորում», «Ընդհանուր պետություն», «Մադրիդյան սկզբունքները»՝ իրենց բազմաթիվ խմբագրումներով, որոնցից մեկն էլ «Կազանի փաստաթուղթն» էր:
Փաստացի վերջին փաստաթուղթը, որը քննարկել են կողմերը և փորձել հասնել դրա ստորագրմանը, եղել է «Կազանի փաստաթուղթը», որը հիմնված էր «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» սկզբունքի վրա, սակայն այն չի ստորագրվել Ադրբեջանի կողմից: 2016թ.-ի Ապրիլյան պատերազմի սանձազերծումն ավելի է մեծացրել Ադրբեջանի վրա միջնորդների ճնշումը՝ որպես պատասխան իր ապակառուցողականությանը, և Ալիևը ստիպված է եղել գնալ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի, Ժնևի պայմանավորվածություններին՝ հետաքննության մեխանիզմների ներդրման մասին:
2016-2018թթ.-ին բովանդակային բանակցություններ, կարելի է ասել, գրեթե չեն եղել: Տարածքների վերադարձի հարցը դիտարկվել է բոլոր փաթեթներում և առաջարկներում: Սկզբունքայինը «ինչի դիմաց»-ն է՝ խաղաղությա՞ն, անորոշ հեռանկարի՞, կարգավիճակի որոշման հստակ համաձայնեցված մեխանիզմի՞, թե՞ անկախության ճանաչման: Նշված փաթեթներից ոչ մեկն իդեալական չի արտահայտել հայ ժողովրդի իղձերն ու երազանքները»: