18/10/2020 22:10
Ժամը 20:30-ի դրությամբ խոցվել է հակառակորդի 9 ԱԹՍ, որից 2-ը՝ ՀՀ տարածքում. Արծրուն Հովհաննիսյան
Ադրբեջանը հերթական անգամ չի պահպանել հրադադարի կոչը: Դեռ վաղ առավոտվանից մարտական գործողությունները շարունակել են նույն ուղղություններով, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Հյուսիսում ջախջախվել են, հետ շպրտվել: Մեկ ուղղությամբ, ընկնելով հայկական հրետանու հուժկու կրակի տակ, հետ են շպրտվել: Շարունակվել են համառ մարտերը, որոշակի տեղաշարժեր ունեն», - ասաց նա:
Բայց թե ինչ տեղաշարժեր, Արծրուն Հովհաննիսյանը չմանրամասնեց՝ նշելով միայն, որ սաստիկ գործողություններ են ընթանում, հորինված տեղանքների անուններ, բարձունքներ ֆիքսելն ընդհանրապես ակտուալ չէ:
«Ստատիկ բնագծերի պահպանության համար առանձին մարտեր չեն վարվում, դրա համար առանձին բնագծեր չեն նշվելու», - ասաց ՊՆ ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ 20:30-ի դրությամբ խոցվել է 9 ԱԹՍ, որից 2-ը՝ ՀՀ տարածքում:
«Նորից շարունակում է թեժ մնալ հարավային ուղղությունը», - ասաց բանախոսը: