18/10/2020 22:10
ԵՄ-ն դատապարտում է Ղարաբաղում հրադադարի հայտարարումից հետո շարունակվող մարտերը
Եվրամիությունը դատապարտել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտումները:
«Եվրամիությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հումանիտար հրադադարի մասին համատեղ հայտարարությունը, սակայն ԵՄ-ն դատապարտում է փաստը, որ, ցավոք, խախտումները շարունակվում են, և կան տեղեկություններ ռազմական գործողությունների մասին Լեռնային Ղարաբաղում և դրա շրջակայքում», - ասված է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ:
«Ես հեռախոսով խոսեցի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ՝ նրանց փոխանցելու համար, որ հրադադարը պետք է լինի անվերապահ և պետք է խստորեն պահպանվի երկու կողմից էլ: Ես նաև ընդգծեցի, որ քաղաքացիական անձանց վրա հարձակումները պետք է անհապաղ դադարեցվեն », - ավելացրել է քաղաքական գործիչը: