18/10/2020 20:45
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Վանիկ Մկրտչյանը
Հոկտեմբերի 17-ին 70 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Վանիկ Մկրտչյանը:
Դերասանի հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 19-ին՝ ժ․ 17:30-ից 20:00-ն, Նոր Նորքի Սբ. Սարգիս եկեղեցում: Հուղարկավորությունը՝ հոկտեմբերի 20-ին՝ ժ․ 11:00-13:00, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնից (հասցե՝ Վազգեն Սարգսյան 7)։
Վանիկ Մկրտչյանը դիվանագետ Տիգրան Մկրտչյանի և Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի հայրն է:
Ծնվել է 1950 թ., Արթիկում: 1969-1972 թթ. սովորել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1973-1978 թվականներին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում` ստանալով երաժշտական թատրոնի դերասանի որակավորում։
1978 թվականից Երևանի Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան էր, զուգահեռ 2008 թվականից աշխատել է Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում, համագործակցել «Էդգար Էլբակյան» թատրոնի հետ։
Վանիկ Մկրտչյանի բեմական գործունեության տասնյակ տարիները հարուստ են եղել հետաքրքիր ձեռքբերումներով: Մարմնավորել է բազմաթիվ դերեր մի շարք ներկայացումներում:
Հյուրախաղերով հանդես է եկել Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Կանադայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Հոլանդիայում, Իրանում, Լիբանանում, Բելգիայում:
Վանիկ Մկրտչյանը «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանվել է Արա Երնջակյանի «Ժամկետը 7 օր», Վիգեն Չալդրանյանի «Մարտիրոսի ուխտագնացությունը», Էդգար Բաղդասարյանի «Մարիամ» և այլ ֆիլմերում։
Նկարահանվել է նաև տարբեր հեռուստասերիալներում։
2010 թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` որպես «Տարվա լավագույն դերասան»: Նույն թվականին պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության և ՀԹԳՄ ոսկե մեդալներով, Երևանի քաղաքապետի պատվոգրով:
2011 թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: