18/10/2020 16:53
Ես կոմպրոմիս եմ առաջարկել, բայց Ադրբեջանը, հիմա նաև՝ Թուրքիան, որևէ կերպ չեն ուզում հրաժարվել ցեղասպանության քաղաքականությունից. Նիկոլ Փաշինյան
Այն տեղերում, որտեղ ռումբեր են նետվում, ոչ միայն զինվորական ենթակառուցվածք չկա, այլև ընդհանրապես ոչ մի զինվորական չկա, «Ֆրանս-24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Դա արվում է ցեղասպան քաղաքականության շրջանակում: Ալիևը, Ադրբեջանը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա խնդիր ունի Լեռնային Ղարաբաղի հայությանը ցեղասպանության ենթարկել՝ սպանելու, տեղահանելու և էթնիկ զտումներ իրականացնելու նպատակով:Եվ կարող են միջազգային լրատվամիջոցները վկայել դա, որ Ստեփանակերտում ընդհանրապես տեղի է ունենում հետևյալը՝ ուղղակի քանդվում են մարդկանց տները, որ նրանք հետագայում այդտեղ ապրելու հնարավորություն չունենան: Եվ սա է պատճառը, որ մենք ասում ենք՝ Լեռնային Ղարաբաղի հայությունը գոյութենական վտանգի առաջ է, և այս հարցի լուծումը մեկն է՝ միջազգային հանրությունը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը՝ «անջատում հանուն փրկության» սկզբունքի շրջանակում: Որովհետև Լեռնային Ղարաբաղը, Լեռնային Ղարաբաղի հայությունը չի կարող գոյություն ունենալ Ադրբեջանի վերահսկողության ներքո: Դա ուղղակի բացառված է, և միջազգային հանրությունը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Եվ ես ուրախ եմ, ի դեպ, որ տեղական ինքնակառավարման, քաղաքային խորհուրդների մակարդակում Եվրոպայում այս պրոցեսն սկսել է: Եվ հույս ունենք, որ այն ալիքաձև կտարածվի», - նշել է Փաշինյանը։
Լրագրողի հարցին՝ ինչո՞ւ չի օգտագործում իր հեղինակությունը բովանդակալից բանակցություններ սկսելու համար, որը ենթադրում է փոխզիջում՝ տարածքային զիջումներ, որը շատ ավելի լավ տարբերակ է, քան այն մահերն ու ավերածությունները, որը տեսնում ենք այսօր, Նիկոլ Փաշինյանն արձագանքել է.
«Ես փորձել եմ անել դա և կոմպրոմիս եմ առաջարկել, բայց բանակցային այդ պրոցեսների ընթացքում ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը, հիմա նաև՝ Թուրքիան, որևէ կերպ չեն ուզում հրաժարվել ցեղասպանության քաղաքականությունից: Եվ ես էլի ասում եմ, որ այս խնդիրն այսօր առավոտ ևս այլ լուծում չունի, քան «անջատում՝ հանուն փրկության» բանաձևի կիրառումը: Որովհետև Ադրբեջանը, հիմա նաև Թուրքիայի և ահաբեկիչների աջակցությամբ, մի խնդիր է դրել իր առաջ՝ իրականացնել Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանություն»։