19/10/2020 18:24
Ռուսաստանը հիմքեր ունի Լեռնային Ղարաբաղում հակաահաբեկչական գործողության համար. Փաշինյան (Տեսանյութ)
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմին մասնակցող սիրիական ահաբեկչական խմբավորումների գրոհայիններն սպառնալիք են նաև Ռուսաստանի համար, ուստի Մոսկվան «այս իրավիճակին արձագանքելու օրինական իրավունք ու հիմքեր ունի»:
ТАСС-ի խնդրանքով մեկնաբանելով Մերձավոր Արևելքից, մասնավորապես՝ Սիրիայից և Լիբիայից հակամարտության գոտի զինյալների տեղափոխման մասին հաղորդագրությունները՝ նա համոզմունք է հայտնել, որ այդ տարրերը կթափանցեն Ռուսաստանի Դաշնության տարածք:
«Ինձ համար ակնհայտ է, որ այդ պարտված խմբերի ստորաբաժանումները կամ անհատները պարզապես տեղափոխվում են Ռուսաստան, քանի որ, իմ կարծիքով, նրանք Ռուսաստանի Դաշնությունն ընկալում են որպես թշնամի, ինչպես Լեռնային Ղարաբաղը կամ Հայաստանը: Հարցն այն է, թե ինչպես կշարունակվի այս ամբողջ գործընթացը: Ռուսաստանը կսպասի՞, որ այս բոլոր տարրերը տեղափոխվեն իր տարածք, և այնտեղ նրանք՝ ռուսները, կսկսեն հակաահաբեկչական արշավ կամ հակաահաբեկչական գործողություններ: Չգիտեմ, միգուցե Ռուսաստանի կառավարությունում կամ հատուկ ծառայություններում քննարկվո՞ւմ է հենց տեղում հակաահաբեկչական օպերացիա ձեռնարկելու հնարավորությունը», - ասել է Փաշինյանը, ապա ավելացրել. «Եվ նաև Լեռնային Ղարաբաղում»։
Նա հիշել է, որ Մոսկվան «հակաահաբեկչական գործողություններ է ձեռնարկել Սիրիայում, որը բավականին հեռու է Ռուսաստանից, քանի որ սիրիացի գրոհայինների և ահաբեկիչների գործողություններն ուղղակի սպառնալիք էին ներկայացնում նրա ազգային անվտանգության համար»:
Այժմ, ըստ ՀՀ վարչապետի, գրոհայիններն ավելի մոտ են Ռուսաստանի սահմաններին:
«Սա բոլորովին այլ իրավիճակ է, ես կարծում եմ, որ Ռուսաստանն ունի օրինական իրավունք և հիմք արձագանքելու այս իրավիճակին», - հայտարարել է նա: