19/10/2020 17:07
Այսօր Հայաստանի ավելի բնական դաշնակից, քան սփյուռքն է, չի կարող լինել. Գերմանիայի «Հայ ակադեմիականների միության» նախագահ Ազատ Օրդուխանյան
2020 թվականի սեպտեմբերի 27-ից արցախա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ պատերազմն, ինչպես բոլոր օրհասական պահերին, այսօր էլ համախմբել ու մեկ է դարձրել թիկունքն ու ճակատը: Առաջնագծում կյանքի գնով տունն է պաշտպանում զինվորը, թիկունքում աշխարհի «լայն փակված» աչքերն է փորձում բացել սփյուռքահայությունը:
Գերմանիայի հայ համայնքն անմասն չէ թիկունքին զինվորագրվելուց, լծված է այն նույն ծրագրերով ու նպատակներով, ինչով աշխարհասփյուռ հայությունը:
Aysor.am-ը թեմայի շուրջ զրուցել է պատմաբան, Գերմանիայի «Հայ ակադեմիականների միության» նախագահ Ազատ Օրդուխանյանի հետ, ով տեղեկացրեց՝ լարված ու մոբիլիզացված՝ աշխատում են 4 հիմնական ուղղություններով:
- Պարոն Օրդուխանյան, այս ընթացքում հայրենիքին աջակցելու ի՞նչ աշխատանքներ է տանում գերմանահայությունը, կա՞ հատուկ ուղղվածություն ու պահանջ:
- Տնտեսական օգնություն (նյութական նվիրատվություններ), ֆինանասական ուղղություն (դրամահավաք), տարբեր գերատեսչությունների հետ տարբեր ճանապարհներով քաղաքական աշխատանք (կապ իրենց պատգամավորների հետ, նամակագրություններ, իրավիճակին օբյեկտիվորեն ծանոթացնելու նախաձեռնություն) և կամավորագրում՝ Հայաստան վերադառնալու և առաջնագծում կանգնած տղաներին միանալու նպատակով: Այս 4 ուղղություններով ենք աշխատում հիմնականում: Ցույցեր ենք անում տարբեր գերատեսչությունների դեսպանությունների առջև:
- Կամավորագրվողներ կա՞ն:
- Ասեմ, որ մինչև ՀՀ վարչապետի և Արցախի նախագահի հայտարարություններն ու կամավորագրման կոչեր անելը, բոլոր նրանք, ովքեր նախկինից այս խնդրին ծանոթ են ու փորձառու, չեն սպասել այդ կոչին ու դեռևս սեպտեմբերի 27-28-ից անհատապես դեպի հայրենիք ճանապարհն են բռնել: Իհարկե, այնպիսիք էլ կան, որոնց մոտ այդտեղ գալու ցանկությունը մեծ է, բայց հնարավորությունները թույլ չեն տալիս, նաև իրենց ընտանիքներին չեն կարող մենակ թողնել: Բայց դա միայն ժամանակի խնդիր է, սպասում են, ու եթե պետական շրջանակներն ապահովեն իրենց թռիչքը դեպի Հայաստան՝ անպայման կգան: Ես 88-90-ականների սերնդի մարդ եմ, ու մեր ազգի մեջ այսպիսի զորաշարժ վերջին անգամ երևի տեսել ենք հենց այդ թվականներին: Ժողովրդական մոբիլիզացիան ցույց է տալիս խնդրի խորությունն ու կարևորությունը, թե ինչպիսի՞ վտանգի մեջ ենք ազգովի: Ցավոք սրտի, 30 տարի առաջ այդ ամբողջ ներդրումը ճիշտ զարգացում չստացավ: Միգուցե, այդ դառը փորձը հաշվի առնելով, մեր սերունդը կարողանա այս անգամ առավել վճռական լինի, ֆիզիկական, ուժային կապիտալը, որ հիմա հավաքվում, համախմբվում է՝ չփոշիացվի, այլ ճիշտ ուղղով զարգանա ու երկրորդ 90-ականները չունենանք:
- Մե՞ծ է Գերմանիայի հայ համայնքն, ու արդյոք տեղի ադրբեջանական համայնքը չի փորձում այս օրերին ձեզ համար խոչընդոտներ ստեղծել:
- Գերմանիայի ամբողջ տարածքում գործում են տարբեր տարիներին ստեղծված 40-45 հայկական համայքներ և միություններ: Կարծում եմ՝ մոտ 100 հազար ենք, եթե ոչ ավելի: Ադրբեջանական համայնքը մեզ հետ համեմատած՝ քիչ է, պարզապես նրանք ունեն հոմոգեն բաղադրություն՝ բոլորն Ադրբեջանից են, իսկ մեր հայերն, ի տարբերություն իրենց, տարբեր երկրներից են եկել Գերմանիա: Կազմակերպչական հարցերով մենք լուրջ դժվարություններ ենք ունենում, քանի որ տարբեր մենթալիտետներով, մշակույթով ու դաստիարակությամբ մարդիկ ենք: Ադրբեջանցիների համար առավել հեշտ է՝ բոլորը Բաքվից են, միմյանց «լեզու» հասկանում են: Այլ բան, որ նրանց թիկունքում կանգնած են «Գորշ գայլերն» ու թուրքական շրջանակները. այդտեղ իրենք մեզ թվաքանակով գերազանցում են: Մեկտեղ, ի տարբերություն մեզ, ֆինանսական աջակցություն ունեն իրենց երկրից, բիզնեսներ են տեղափոխել այստեղ: Բայց միևնույն է, դա մեզ չի խանգարում, որ մեր արդար ձայնն ու պահանջը փորձենք տեղ հասցնել:
- Շարքային գերմանացիները տեղյա՞կ են խնդրի բուն էությանը, պատմական իրականությանը: Նաև, հատկապես Գերմանիայում, ինչպե՞ս են վերաբերվում, արձագանքում Սիրիայի կողմից Ադրբեջանին աջակցելու քաղաքականությանը:
- Բնականաբար, 80 միլիոն բնակչություն ունեցող երկրում հարցին միանման չեն նայի: Օրինակ՝ մտավորական շրջանակներում ծանոթ են մեր դատին, համակրանք ունեն մեր նկատմամբ: Իհարկե, կան նաև հակառակ համոզմունքներ ունեցողներ, որովհետև այլ կողմից շահ ունեն: Նրանք կարողանում են փողի, կաշառքի միջոցով որոշ քաղաքական գործիչների ու լրատվամիջոցների ուշադրությունն իրենց վրա սևեռել: Այնուամենայնիվ, զգացական աշխարհը մեր կողմն է: Քանի որ մենք մեծ փողեր, նավթ ու գազ չունենք, հենվում ենք մեր պատմության, մշակույթի, մեր խղճի, արդարության ու բարոյականության վրա: Մեր համայնքը մարտական է: Ասեմ, որ մեր վերջին ցույցերի, մամուլի հաղորդագրությունների տեղատարափից հետո որոշակի փոփոխություն նկատվեց գերմանական մամուլի ձևակերպումներում: Գերմանական թերթերն արդեն գրում են: Կարծում եմ՝ մեր համառ և ինտենսիվ աշխատանքի շնորհիվ կարելի է հասրակական կարծիք ձևավորել… Ցավոք, սրիկա դահիճը գիտեր՝ որ պահին պիտի հարձակվեր, կորոնավիրուսի ամենաթեժ պահին որոշեցին ևս մեկ անգամ ցույց տալ իրենց գազանային դեմքը: Բայց դե, դահիճը մնում է դահիճ, ի՞նչ կարող ենք անել, նա հենց դրա համար էլ ծնվել է:
- Այս օրերին շատ է խոսվում Արցախի անկախության միջազգային ճանաչման մասին: Այդ ուղղությամբ ինչ-որ քայլեր կատարվո՞ւմ են այդտեղ: Որքանո՞վ է աշխարհում սփռված հայկական սփյուռքը կարողանում օգտակար լինել մայր հայրենիքին:
- Գիտեք, մշտապես երկու կարծիք է եղել հայության շրջանում. մեկը, որ Արցախը միանա Հայաստանին, և երկրորդը՝ Արցախի անկախացումը… Այս պատերազմի ընթացքում Արցախը շատ վնասներ կրեց, շատ ավերեցին, ու մենք պիտի շատ արագ վերականգտնենք: Կարծում եմ՝ մեր հանրապետության առաջին խնդիրներից պետք է լինի հայկական ավիաուղիները, մարդատար, բեռնատար ու նաև ռազմական ավիաուղիները: Եթե մենք հիմա հզոր ավիացիոն սիստեմ ունենայինք, առավել բարվոք վիճակում կլինեինք: Որպես հետևակ և հրետանի՝ մենք անմրցելի ենք, բայց օդում շատ անելիք ունենք… Սփյուռքը գիտական, մարդկային ու ֆինանսական մեծ կապիտալ ունի, որը չի շրջանառվում, կամ՝ շատ քիչ է շրջանառվում, այնինչ, այսօր Հայաստանի ավելի բնական դաշնակից, քան սփյուռքն է, չի կարող լինել: Այս հզոր դաշնակցի հետ պետք է ճիշտ համագործակցել: Դաշնակիցները պետք է պայմանագրային հիմքով աշխատեն, ոչ թե զգացական: Մենք հզոր ազգային ներուժ ունենք, ու եթե հաջողված ազգերի փորձից օգտվելով՝ գտնենք ճիշտ բանաձևերը, կդառնանք Առաջավոր Ասիայի հզոր պետությունների մեկը: Կարծես, թե այդ քայլն անում ենք, միամտության սահմանը փորձում ենք անցնել: Այսքան օժտված զավակներ ունեցող ազգը չի կարող կործանվել, չի՛ լինի նման բան: Չի՛ կարող թուրքը 21-րդ դարում մեզ հաղթի: Գերմանիայի հայության առումով կարող եմ ասել մեկ բան՝ մեր համայնքը մոբիլիզացված է: Արդեն 27 տարի Գերմանիայում եմ ապրում, այսպիսի մոբիլիզացում չի եղել որևէ դեպքի հետ կապված: Մենք 4 ուղղություններով շատ ակտիվ ենք աշխատում, ու եթե զորաշարժի այս վիճակը շարունակի պահպանվել՝ մեր ժողովրդին ու հայրենիքին մեծ ու լուրջ օգուտներ կբերենք՝ գաղափարական, ֆինանսական, տնտեսական ու ինքնապաշտպանական: