19/10/2020 15:02
ԵԽ գլխավոր քարտուղար. Երևանն ու Բաքուն պարտավորվել են խաղաղ ճանապարհով լուծել Ղարաբաղի շուրջ վեճը
Ադրբեջանը և Հայաստանը Եվրոպայի Խորհրդի առջև պարտավոր են իրենց տարածքներում մարդու իրավունքների պահպանման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հետ կապված: Այդ մասին երկուշաբթի հայտարարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը՝ ելույթ ունենալով Ռուսաստանի ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում:
«Հայաստանն ու Ադրբեջանը Եվրոպայի խորհրդի անդամներ են: Երկու երկրներն էլ պարտավորվել են լուծել հակամարտությունը խաղաղ ճանապարհով: Եվ երկու երկրներն էլ պարտավոր են պահպանել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Այս ոլորտում մարդու իրավունքների հարգումը կենսական և իրավական պարտավորություն է», - ասել է նա:
Ըստ Պեյչինովիչ-Բուրիչի՝ այս հակամարտության համատեքստում վիճարկվող տարածքներում բարձրացվում է մարդու իրավունքների ապահովման ավելի լայն հարցը:
ԵԽ գլխավոր քարտուղարը նշել է, որ հակամարտությունների և տարածքային վեճերի լուծումն իր կազմակերպության իրավասությունների մեջ չէ: Այնուամենայնիվ, նա ընդգծել է, որ այս պաշտոնում իր մանդատի առաջնահերթություններից է համարում վիճահարույց տարածքներում մարդու իրավունքների պահպանման խնդրի կարգավորումը: