19/10/2020 13:57
Վարչապետի հնչեցրած «Անջատում հանուն փրկության» սկզբունքը նույնն է, ինչ՝ ինքնորոշման իրավունքը. ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ
ՀՀ վարչապետի կողմից հնչեցրած «Անջատում հանուն փրկության» սկզբունքը նույնն է, ինչ՝ ինքնորոշման իրավունքը. դա ինքնորոշման իրավունքի իրականացման ամենածայրաստիճան եղանակն է, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
«Չեմ կարծում, որ այդ թեզը հնչեցնելը ժխտում է այն, որ անջատումն արդեն տեղի է ունեցել: Դա փաստ է: Անջատումը տեղի է ունեցել վաղուց՝ Խորհրդային միությունից: Ֆիքսենք, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում: Դա շատ կարևոր ու էական է», - նշեց բանախոսը:
Եղիշե Կիրակոսյանի խոսքով՝ Ադրբեջանի գործողություններն ակնհայտորեն ցույց են տալիս՝ այդ երկիրը նպատակ ունի օկուպացնել և գրավել Արցախը:
«Հետդարձի ճանապարհ չկա, որովհետև չի կարելի պատկերացնել ինքնորոշման իրականացման այլ ձև, քան անջատումը՝ հանուն փրկության», - ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչը: