19/10/2020 19:47
Այսօր բոլորիս խնդիրը Արցախն է, ներքին խժդժությունների ժամանակը չէ. Շարմազանով
Մեկ ժամ առաջ հրավեր ենք ստացել կառավարությունից և մեր կուսակցությունը որոշում է կայացրել, որ երկրորդ հանդիպմանը ևս ՀՀԿ-ն պետք է մասնակցի, կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումից առաջ լրագրողներին ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Հարցին, թե իշխանությունը համաձա՞յն է 16 կուսակցությունների՝ ռազմաքաղաքական շտաբ ձևավորելու շուրջ առաջարկին, նա նշեց.
«Կլսենք պարոն վարչապետին, հետո արդեն փակ հանդիպում է, մեր կարծիքները կփոխանակենք»:
Դիտարկմանը, որ շատերի կարծիքով կուսակցությունների առաջարկը հակասահմանադրական է, հանրապետական գործիչը նկատեց՝ հիմա ներքաղաքական խժդժությունների ժամանակը չէ:
«Մեղադրողները կամ ուշադիր չեն ընթերցել տեքստը, կամ էլ, միգուցե, ունեն այլ նպատակներ: Մեր դիմումի հասցեատերը կառավարությունն է և վարչապետը, և մենք այլ կողմերից պատասխաներ չենք էլ ակնկալում», - նշեց ՀՀԿ-ական գործիչը:
Շարմազանովը նաև նկատեց, որ սա փակ հանդիպում է և կա ջենթլմենական պայմանավորվածություն, որ դրա մանրամասները չեն ներկայացնում:
«Այսօր բոլորիս խնդիրը Արցախն է, մեր ժողովրդի անվտանգությունն է», - ասաց նա:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին հանդիպում է անցկացնում արտախորհրդարանական ուժերի հետ։ Հանդիպմանը մասնակցում են այն նույն քաղաքական ուժերի ներկայացուցիչները, որոնք մասնակցել են նաև առաջին հանդիպմանը:
Իսկ նմանօրինակ առաջին հանդիպումը տեղի էր ունեցել հոկտեմբերի 12-ին՝ կրկին Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ: