19/10/2020 14:18
Սյունիքում իրականացվող պաշտպանական աշխատանքները կհամակարգի ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը
Սյունիքում իրականացվող պաշտպանական աշխատանքները կհամակարգի գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ով ոչ վաղ անցյալում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետն էր, ով մեծ հեղինակություն է վայելում հանրապետության զինված ուժերում, հայտնում է «Սյունյաց երկիր»-ը:
«Սրբազան պատերազմը` հանուն հայոց ազատության և արժանապատվության, շարունակվում է։
Պատմության կամոք` Սյունիքը կրկին ամենազոր ու անմիջական թիկունքն է հերոսական Արցախի։
Դրանով էր, ըստ էության, պայմանավորված Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 18-ի այցը Գորիս։
Վարչապետի այցից հետո հայտնի դարձավ, որ Սյունիքում իրականացվող պաշտպանական աշխատանքները կհամակարգի գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ով ոչ վաղ անցյալում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետն էր, ով մեծ հեղինակություն է վայելում հանրապետության զինված ուժերում։
Սյունիքյան աշխատանքների համակարգողի նշանակումը, կարելի է ասել, անհրաժեշտություն էր դեռևս պատերազմի առաջին օրերից։
Այդպես է վարվել Հայաստանի կենտրոնական իշխանությունը 1990-ականների պատերազմի ընթացքում, ինչպես և 1918-19 թթ. Զանգեզուրյան գոյամարտի տարիներին։
Այնպես որ` գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին ողջունում ենք և մաղթում հաջողություններ, նաև համոզմունք հայտնում, որ մեր ժողովրդի համար ճակատագրական այս օրերին Սյունյաց աշխարհի հերոսական ոգին կուղղորդի անմնացորդ նվիրումով։
Այսօր գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը և Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հանդիպել են մարզի լրատվամիջոցների ներկայացուցիչներին և կարևորել հանրության բոլոր խավերի, իշխանության օղակների, լրատվամիջոցների համագործակցությունն ու մեկտեղված աշխատանքը, քանզի ամենքիս և յուրաքանչյուրիս նպատակը մեկն է` ՀԱՂԹԱՆԱԿ», - գրում է լրատվամիջոցը: