19/10/2020 15:03
Իրանական ԶԼՄ-ների մոտեցումները՝ Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ. Իրանում ՀՀ դեսպանությունը լրաքաղ է արել
Իրանական ԶԼՄ-ները տարատեսակ մոտեցումներ են հրապարակում Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ, հայտնում են Իրանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում՝ ներկայացնելով լրաքաղ արված որոշ ձևակերպումներ.
▪️Mehrnews.com
Թեհրանը հստակ և պարզորոշ հայտարարել էր, որ Ղարաբայան պատերազմի խորացման դեպքում «բացվելու է ահաբեկիչների ոտքը» դեպի Իրանի հետ սահմանային շրջաններ: Մյուս կողմից, Իրանն զգուշացրել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը կարող է դառնալ արտաքին ուժերի շահարկման առարկա: Իրադարձությունների հետագա զարգացումը ցույց տվեց, որ հակամարտող կողմերին ուղղված Թեհրանի զգուշացումները լիովին արդարացված են:
▪️Irna.ir
Այս ճգնաժամի նշանակությունն Իրանի համար շատ ավելին է, քան որևէ այլ երկրի, քանի որ Իրանն ունի ընդհանուր սահման և´ Հայաստանի, և´ Ադրբեջանի հետ:
▪️Mizanonline.com
Թուրքիան քանիցս հստակորեն հայտարարել է իր կողմից Ադրբեջանին ցուցաբերվող համակողմանի աջակցության մասին, իսկ Հայաստանը ջանքեր է գործադրում Ղարաբաղի անկախության պաշտոնապես ճանաչման ուղղությամբ:
▪️Radiofarda.com
Այս պահի դրությամբ Հայաստանը հայտնել է իր զինված ուժերում 673 և քաղաքացիական բնակչության շրջանում տասնյակ մարդկային զոհերի մասին: Ադրբեջանը մինչ օրս չի հրապարակել իր կորուստների թիվը:
▪️Irdiplomacy.ir
Անկարան քաջ գիտակցում է, որ նույնիսկ եթե Ռուսաստանը Սիրիայում և Լիբիայում նպատակադրվի թուլացնել Թուրքիայի ներկայությունը, զուգահեռաբար մեծացնելով լարվածությունը Հարավային Կովկասում, դա չի խանգարի Թուրքիայի դիրքերի ամրապնդմանը: