19/10/2020 13:44
Հումանիտար հրադադարի հայտարարումից հետո Ադրբեջանը վարձկաններին ստիպել է Հորադիզի շրջանում ակտիվ ռազմական գործողություններ ձեռնարկել. Զինդատախազության ներկայացուցիչ
Սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից ագրեսիայի ակտ իրականացնելու փաստով հարուցվել է քրեական գործ՝ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու, վարելու, միջազգային մարդասիրական նորմերի խախտումներ թույլ տալու, ինչպես նաև վարձկանների ներգրավման և օգտագործման փաստով, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության Զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի ավագ դատախազ Արշակ Մարտիրոսյանը:
Նա միաժամանակ տեղեկացրեց, որ ՀՀ տարածքը հրթիռահրետանային միջոցներով թիրախավորելու փաստով ևս հարուցվել է առանձին քրեական գործ՝ ՀՀ զինվորական դատախազի կողմից:
«Տվյալներ են ձեռք բերվել, որ հումանիտար հրադադարի հայտարարումից հետո Ադրբեջանի ԶՈՒ-երը վարձկաններին ստիպել են Հորադիզի շրջանում ակտիվորեն ռազմական գործողություններ ձեռնարկել՝ ստիպելով կրել ադրբեջանական ԶՈՒ-երի համազգեստ: Հոկտեմբերի 10-ին վարձկանները դիվերոսիոն ներթափանցման փորձ են կատարել Հադրութի շրջանում, սպանել են ՊԲ զինծառայողների, ոտնձգել խաղաղ բնակչության դեմ՝ տանը սպանելով մորն ու նրա հաշմանդամ որդուն:
Բոլոր այս փաստական հանգամանքների հիման վրա քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով՝ միջազգային ահաբեկչություն կատարելու փաստով», - նշեց Արշակ Մարտիրոսյանը: