20/10/2020 10:26
ՄԱԿ-ի ԱԽ-ն կողմնորոշվել է Ղարաբաղում տիրող իրավիճակի առավել արդիական խնդրի շուրջ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի նկատմամբ վերահսկողություն ապահովելու անհրաժեշտությունը: Այս մասին հոկտեմբերի 19-ի երեկոյան ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի վերաբերյալ փակ հանդիպումից հետո հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիան, որը հոկտեմբերին նախագահում է Համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհուրդը:
«Այժմ անհրաժեշտ է ապահովել (հրադադարի) իրականացումը, սա ամենահրատապ խնդիրն է, քանի որ համապատասխան պայմանավորվածություն է ձեռք բերվել, բայց չի պահպանվել», - ասել է ՌԴ մշտական ներկայացուցիչը: «Հիմնական հարցը մնում է, թե ինչպես ապահովել դրա իրականացման նկատմամբ վերահսկողությունը»:
«Իհարկե, այս հարցը քննարկվել է խորհրդակցությունների ընթացքում, և Խորհուրդը բավականին միասնական է իր մոտեցումներում», - հավելել է Նեբենզիան:
Միևնույն ժամանակ, նա բացատրել է, որ ՄԱԿ դիտորդական առաքելություն տարածաշրջան ուղարկելը «Անվտանգության խորհրդի կողմից հատուկ մանդատ կպահանջվի»:
«Սա արագ գործընթաց չէ», - ասել է դիվանագետը:
«Տեղեկություններ էին ստացվել, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարը Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ քննարկել է, թե ինչպես կարող է իրականացվել այդ վերահսկողությունը», - նշել է նա:
Նա չի բացառել, որ ԵԱՀԿ առաքելությունը կարող է դիտորդությամբ զբաղվել, մանավանդ որ այս կազմակերպությունն իրականացնում է ղարաբաղյան կարգավորման գործընթացը:
«Ո՞վ, ինչ կարգավիճակով կլինի այնտեղ, դեռ հարց է, որը քննարկվում է», - եզրափակել է Նեբենզիան: