20/10/2020 13:03
Ադրբեջանը Հայաստանի և Արցախի բնակչության նկատմամբ էթնիկ զտման և ահաբեկչական մեթոդներ խրախուսող քաղաքականություն է վարում. ՄԻՊ
Արցախի դեմ Ադրբեջանի զինված հարձակումներն ուղեկցվում են ՀՀ քաղաքացիական բնակչության նկատմամբ թիրախային հարձակումներով: Դրանք իրականացվում են միջազգային իրավունքով արգելված կասետային զինատեսակներից, ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀ մարդու իրավուքնների պաշտպան Արման Թաթոյանը:
«Ինչ վերաբերում է հակամարտության գոտում ջիհադիստների և ահաբեկչական խմբավորումների ներգրավման հաստատված փաստին, նրանք կատարում են դաժանություններ և պատերազմական հանցագործություններ:
Քննարկման այլ առարկա է Ադրբեջանի կողմից հսկայածավալ ատելության խոսքը հայերի նկատմամբ: Ակնհայտ է, որ այդ երկրում մշտապես եղել է պետական բարձր աջակցություն վայելող հայատյացություն, ինչը պարարտ հող է ստեղծում հավելյալ դաժանությունների համար», - ասաց Թաթոյանը:
Օմբուդսմենն ասաց, որ ընդհանուր առմամբ, խոսքը գնում է ՀՀ և ԱՀ բնակչության նկատմամբ էթնիկ զտման և ահաբեկչական մեթոդներ խրախուսող քաղաքականության մասին:
Նրա խոսքով՝ բոլոր այս տվյալները փաստագրվել և ներկայացվել են միջազգային համապատասխան մարմիններին: